Թուրքիայում աշխատող 100 հազար ՀՀ քաղաքացիներ հնարավոր է արտաքսվեն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ առաջիկայում Թուրքիայում բավականին լուրջ զարգացումներ են սպասվում՝ կապված ՀՀ քաղաքացիների՝ Թուրքիայում աշխատող զանգվածային դեպորտացիայի հետ։

Ինչպես հայտնի է, բավական մեծ թվով հայեր միգրացիոն աշխատանքի են մեկնում Թուրքիա, ի դեպ՝ աշխատանքները հաճախ սեզոնային չեն լինում, այլ տեւում են մի քանի տարի։

Թուրքիայի կողմից այս հարցով մի քանի անգամ ուղիղ տեքստով բարձրաձայնվել է, իսկ հիմա նման ընդգծված պետական քաղաքականության առաջնային պատճառներից մեկը 2018-ի հունիսին Սիրիա ուղարկված հայկական խաղաղապահ կորպուսի ուժերն են։

Նշենք, որ այս հարցը ՀՀ-ում նույնպես բավականին քննարկումների առիթ հանդիսացավ, մասնավորաբար նշվում էր, որ այդ ուժերն ուղարկվել էին «գաղտնի», խորհրդարանում ոչ մի քննարկում չի ծավալվել եւ այլն։

Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա առաջիկայում ՀՀ-ն եւս մեկ լուրջ խնդրի առջեւ կկանգնի՝ տարբեր հաշվարկներով 70-100 հազար ՀՀ քաղաքացի, ովքեր աշխատում են այնտեղ եւ գումար են ուղարկում Հայաստան, ստիպված են լինելու վերադառնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։