Թուրքիայի նախագահը ժամանել է Ադրբեջան

Թուրքիայի նախագահը ժամանել է Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ հետ ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահը կմասնակցի Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի առիթով դեկտեմբերի 10-ին կայանալիք զորահանդեսին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնելու է Բաքու։ Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկիզբ առած պատերազմի ավարտից հետո սա Էրդողանի առաջին այցն է լինելու Ադրբեջան։

Թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն՝ այցի հիմնական օրակարգը Նախիջևանի հետ կապված խնդիրներն են լինելու։

Բացի այդ, Բաքվի Ազատության հրապարակում տեղի է ունենալու ռազմական շքերթ, որին մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահը։

Նախիջևանի տարածքով, Հայաստանի հարավով անցնող Մեղրիի ճանապարհով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային կապ հաստատելու հետ կապված գործընթացների վերաբերյալ քննարկումները կազմելու են Էրդողանի և Ալիևի հանդիպման հիմնական օրակարգը։