Թե՛ դրական, թե՛ բացասական ախտորոշում ունեցողներին մի մեծ ավտոբուսով բերել և իջեցրել են Հանրապետության հրապարակ․ 12-ամյա անչափահասի մոր բողոքը

Թե՛ դրական, թե՛ բացասական ախտորոշում ունեցողներին մի մեծ ավտոբուսով բերել և իջեցրել են Հանրապետության հրապարակ․ 12-ամյա անչափահասի մոր բողոքը

168.am-ը գրում է․ Քաղաքացիներից մեկը, ում անունը, իր խնդրանքով, չենք ներկայացնում՝ զանգահարել էր 168.am-ի խմբագրություն՝ հայտնելով իր դժգոհությունը, որը կապված է կորոնավիրուսի դրական ու բացասական թեստերի արդյունքներ ունեցող քաղաքացիներին Հանրապետության հրապարակ բերելու ու թողնելու հետ։ Նրա փոխանցմամբ՝ այդ մարդկանց թվում է եղել իր 12-ամյա անչափահաս աղջիկը։

«Պատմությունը սկսվել է այսպես․ սկեսուրս ու սկեսրայրս ապրում են Հրազդանում, մի քանի օր ջերմություն են ունեցել, սկեսրայրիս դեպքում սա սովորական է եղել վերջին երկու տարվա ընթացքում այդպես է եղել այս եղանակին, մի քանի օրից լավացել է։

Այս անգամ էլ են շտապօգնություն կանչում։ Հորդորում են տեղամասային պոլիկլինիկա գնալ, այնտեղ նաև սկեսուրիս են ստուգում ու ասում են՝ երկկողմանի թոքաբորբ է քեզ մոտ։ Սկեսրայրիս մոտ էլ՝ աջակողմյան թոքաբորբ։ Թեստավորում են, հասկանում են, որ կորոնավիրուս է։ Ու քանի որ ամուսինս գնացել-եկել է, ջերմությունը 37,7 էր բարձրանում, շտապօգնություն եմ կանչել։ Տեղափոխել են հիվանդանոց, սրտի սնուցման դեղ են տվել, քանի որ վատ է զգացել, և վերջ։

Ջերմություն, հազ չի ունեցել, բայց թեստի պատասխանը դրական է եղել։ 14 օր հետո անալիզ է հանձնում, պատասխանը բացասական է լինում երկու անգամն էլ, ու դուրս են գրում,- պատմեց քաղաքացին՝ շարունակելով,- Վախից զանգում եմ թեժ գիծ, որ մեզ էլ ստուգեն։ Ասում են՝ ձեզ կտանենք, կմեկուսացնենք Ծաղկաձորում, կթեստավորենք։ Երբ մեզ տարան Ծաղկաձոր, մի 15 րոպե մեքենայի մեջ սպասեցինք, նոր իջանք։

Այդ ժամանակ ներսում շատ շոգ էր, խնդրեցինք, որ մեքենայի դուռը կիսաբաց անի, ու քանի որ դրսում էլ ցուրտ էր, ես մրսեցի ու 2-3 օր հետո գրիպ ընկա, բայց շատ թեթև տարա ու լավացա։ Այդ ընթացքում համի, հոտի զգացողության նվազում ունեցա։

Միգուցե սա կորոնավիրուսի դրսևորումներից էր, չգիտեմ։ Գրիպի դեմ դեղամիջոց ուզեցի, որ անչափահաս աղջիկս չվարակվեր, քանի որ ինձ հետ էր։ Մեկուսացման ժամանակ ընդամենը կոկորդից և քթից անալիզ են վերցրել, և վերջ, ու 11-րդ օրն ասել են, որ պատասխանը դրական է։ Հազ, ջերմություն չենք ունեցել։ Երկու օր հետո կրկին թեստ ենք հանձնում, իմ պատասխանը՝ բացասական, իսկ աղջկանս՝ դրական է լինում։

Շատ եմ զարմանում, քանի որ անգամ հարբուխ չի ունեցել երեխան։ Հարցնում եմ՝ համ, հոտ զգո՞ւմ ես, պատասխանում է՝ այո՛։ Ու ինձ ասում են՝ քեզ պետք է դուրս գրենք, երեխային՝ ոչ։ Պատասխանում եմ՝ ո՞նց մենակ թողնեմ 12-ամյա երեխային։ Ի դեպ, բժիշկներից շատ գոհ եմ՝ ցուցաբերված մոտեցման համար, բայց ինչպե՞ս կարելի է երեխային առանձնացնել»։

Քաղաքացու պնդմամբ՝ ինքը զանգել է թեժ գիծ, նախարարություն, ասել, որ երեխան առողջ է, ոչ մի խնդիր չունի, ուղղակի դրական է թեստի պատասխանը, թող թողնեն, որ իր հետ տուն տանի, սակայն ապարդյուն։

«Վերջը դուրս գնացի, տեսնեմ՝ երեխան պատուհանից նայում է, սիրտս կտոր-կտոր էր լինում։ Նման օրենք որտե՞ղ կա, որ 12 տարեկանին մենակ թողնեն։ Եթե երեխաս մի գանգատ ունենար, կասեի՝ դե, երևի իր մոտ էլ այսպես է արտահայտվում։

Ի՞նչ իմանամ՝ երեխան ի՞նչ է մտածել ու ի՞նչ է զգացել։ Երբ զանգում էի, զգում էի, որ նա արդեն հոգեպես ճնշվել էր։ Մի խոսքով՝ մեզ առանձնացրեցին, ինձ ուղարկեցին տուն, երեխաս 7-8 օր մնաց մենակ, սթրես տարավ։ Այդ ընթացքում ես անընդհատ կապի մեջ էի բժշկի հետ, ասել էին, որ տուն են ուղարկելու, բոլորին դուրս են գրելու, հսկողություն է սահմանվելու տներում։

Ես ասացի՝ գամ, տանեմ իմ երեխային, ասացին՝ ոչ, մենք կուղարկենք։ Արդյունքում՝ բոլորին՝ թե՛ դրական, թե՛ բացասական ախտորոշում ունեցողներին, մի մեծ ավտոբուսով բերել և իջեցրել են Հանրապետության հրապարակ՝ ասելով, թե կարող են տուն գնալ։

Աղջիկս զանգեց, թե՝ Հրապարակում եմ, ապշել էի, հեռախոսը փոխանցեց վարորդին, ասում եմ՝ չհասկացա, այդ անչափահաս երեխային Հրապարակի մեջտեղում ինչո՞ւ եք թողնում՝ ասելով, թե՝ ուր ուզում ես՝ գնա։ Գոնե ասեին՝ գնայի, տանեի երեխային։ Ինչու դրական պատասխան ունեցողներին այդպես են ճանապարհո՞ւմ։

Ինձնից առողջ երեխային կտրել-մեկուսացնելու իմաստը ո՞րն էր, եթե իրեն կարելի է իջնել Հրապարակ, տաքսի նստել կամ պտույտ տալ ու վարակելով՝ գնալ, եթե իրենց ասած՝ հանրության համար վտանգավոր մարդկանցից էր։ Պետք է՝ ոնց տարել էին, այդպես էլ հետ բերեին։ Շատ մարդիկ այդպես տաքսիներով գնացել են»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ հիմա գալիս-ստուգո՞ւմ են, նա պատասխանեց, որ, եթե փորձեն տուն գալ, չի ընդունելու։

«Իմ երեխան առողջ է, ի՞նչ են ուզում։ 26 օր է՝ այնտեղ է, ու ասում են՝ դրական»,- դժգոհեց քաղաքացին։

Հ.Գ. 168.am-ը փորձում է պարզաբանում ստանալ Առողջապահության նախարարությունից, և ստանալուն պես այն կհրապարակենք: