Թափառող կենդանիների համար շուտով կգործի մեծ կլինիկա՝ հագեցած անհրաժեշտ ամեն ինչով

Այս տարվանից գործող «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը մինչեւ 2020թ.-ը Էրեբունի համայնքում կունենա մեծ կլինիկա-կացարան, իսկ մինչ այդ գործում է ժամանակավոր տարածքում: ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Հարություն Առաքելյանն Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծի հետ զրույցում ասաց, որ շուտով կհայտարարվի մրցույթ, եւ այն շահած կազմակերպությունը շինարարությունը կսկսի մոտ մեկ ամսից.

«Մենք գործելու ենք Էրեբունի համայնքի Թեյշեբաինի 8/8 հասցեում: Դա Երեւանի քաղաքապետարանի տարածքն է եւ տրամադրվել է մեզ, որպեսզի հիմնվի կառույցը: Այն ունենալու է մեծ կլինիկա՝ երեք առանձին վիրահատարաններով եւ նախավիրահատական սենյակներով: Ունենալու է կացարան՝ բաղկացած երկու մասից: Մեկում պահվելու են արդեն վիրահատված կենդանիները, որպեսզի հետվիրահատական փուլն անցնեն, իսկ մյուսում՝ այն կենդանիները, որոնց անհրաժեշտ կլինի պահել՝ տերեր փնտրելու համար: Փորձելու ենք նրանց որդեգրման տալ: Կարող են լինել նաեւ պատճառներ, որոնցից ելնելով՝ կենդանուն տարածք վերադարձնել հնարավոր չի լինի»:

Հարություն Առաքելյանի փոխանցմամբ՝ ՀՈԱԿ-ը կունենա առանձին կարանտինային տարածք՝ մեկուսացված մյուս կառույցներից. «Դրանում լինելու են այն կենդանիները, որոնք կունենան վարակիչ հիվանդություններ: ՀՈԱԿ-ն ունենալու է նաեւ կատուների համար նախատեսված կառույց, որում պահվելու են որդեգրման ենթակա կատուները: Նրանց կվերցնենք փողոցից եւ կրկին կփորձենք խնամակալներ գտնել:

ՀՈԱԿ-ի տարածքը ներառելու է նաեւ պահեստներ, ճաշարան, խոհանոց, ադմինիստրացիա: Խոսքը մեծ համալիրի մասին է՝ բոլոր հարմարություններով, այդ թվում՝ կենդանիների պահման համար նախատեսված հատուկ պահպանվող սենյակով: Նախատեսում ենք նաեւ բակային տարածք ունենալ՝ կենդանիներին զբոսանքի տանելու նպատակով: Կկազմակերպենք միջոցառումներ, որպեսզի մարդիկ այցելեն, շփվեն կենդանիների հետ, որդեգրեն:

Գուցե անհամեստություն թվա, բայց 1000 ք/մ տարածք զբաղեցնող ՀՈԱԿ-ը տարածաշրջանում գուցե լավագույններից մեկն է լինելու»: Մեր զրուցակիցը հավելեց, որ ժամանակավոր տարածքում այս պահին օրական ստերջացվում է 20 եւ ավելի թափառող կենդանի, իսկ հատկացված՝ նոր տարածք տեղափոխվելուց հետո արդյունքը կգերազանցի գործող ցուցանիշը:

Աղբյուր՝ aravot.am