Թաղապետարանի աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Թաղապետարանի աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 31-ամյա Միքայել Ղ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 80-ամյա Ռայա Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Գ. Գալստյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Նա աշխատում է Երևանի թաղապետարաններից մեկում: