«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է հազվադեպ պաթոլոգիայով հիվանդի կյանքը

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է հազվադեպ պաթոլոգիայով հիվանդի կյանքը

69 ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել և հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունքում ստամոքսաղիքային տրակտի սուր արյունահոսություն և անեմիա նախնական ախտորոշումներով:

Պարբերաբար կրկնվող արյունահոսությունները սկսվել էին մեկ տարի առաջ, ինչի համար հիվանդը մի քանի անգամ հոսպիտալացվել էր տարբեր բուժհաստատություններում, սակայն արյունահոսությունների պատճառն այնպես էլ չէր պարզվել:

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, որոնց արդյուքնում հնարավոր էր եղել պարզել խնդիրը: Պոլիօրգան անգիոգրաֆիկ համակարգչային շերտագրությամբ աորտայի ինֆրառենալ հատվածում՝ ձախ երիկամային զարկերակից 2.3սմ դիստալ առկա էր անևրիզմատիկ լայնացում 48×37մմ չափերով, անևրիզմայի բարձրությունը կազմում էր 3սմ, անևրիզմայի աջ առաջակողնային պատը տանձաձև արտափքված էր դեպի 12-մատնյա աղու դիստալ հատված, նույն մակարդակում թույլ դիֆերենցվում էր անևրիզմայի լուսանցքի բարակ հաղորդակցում 12-մատնյա աղու պատի հետ:

Էրեբունի ԲԿ

Կատարվել է առաջատար մասնագետների խորհրդատվություն: Վերլուծելով հիվանդի անամնեստիկ, կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները՝ ախտորոշվել է աորտո-դուոդենալ խուղակ: Հաշվի առնելով հիվանդի ընդհանուր վիճակը և շարունակվող արյունահոսւթյունը՝ որոշվել է կատարել վիրահատություն:

Այն իրականացրել են «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական գծով փոխտնօրեն Արա Վարդանյանը և Անոթային և լազերային վիրաբուժության ղեկավար Արամ Բադալյանը (օգնականներ Ավետիք Հովհաննիսյան, Հակոբ Սարգսյան, Եվգինե Քոչարյան, Տիգրանուհի Հովսեփյան, անեսթեզիոլոգ Ռիմա Ջաղացպանյան):

Կատարվել է բացառիկ վիրահատություն՝ աորտո-աղիքային խուղակի անջատում, որովայնային աորտայի ինֆրառենալ հատվածի գծային ալլոպրոթեզավորում, 12-մատնյա աղու մասնահատում, դուոդենո-յեյունո կողքը-կողքին անաստամոզի ձևավորում, որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության սանացիա և դրենավորում:

Հեռացված պրեպարատի պաթոհյուսվածքաբանական քննությամբ առկա էր աորտոդոուդենալ խուղակ՝ 4մմ չափի: Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների: Հիվանդը դուրս է գրվել 13 օր անց՝ ապաքինմամբ: