Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը վթարի է ենթարկվել. վիրավորների մեջ երեխաներ կան

Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը վթարի է ենթարկվել. վիրավորների մեջ երեխաներ կան

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 30-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում՝ թիվ 35 հասցեի դիմաց, բախվել են Փարաքար գյուղի բնակիչներ, 22-ամյա Արայիկ Հովակիմյանի վարած ВАЗ 2121 մակնիշի, 63-ամյա Հակոբ Ավագյանի վարած ГАЗ Ա64 մակնիշի ավտոբուսն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի վարած ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Ավագյանի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 7 ամսեկան Ադրիանա Գ.-ն, 6-ամյա Գայանե Գ.-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 25-ամյա Փիրուզա Աղասյանը՝ «Էրեբուն» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպակայան գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարաշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է թիվ 203 Էջմիածին-Երևան երթուղին: