Էյֆելյան աշտարակը Շառլ Ազնավուրի հիշատակին ոսկեգույն է ներկվել

Փարիզում Էյֆելյան աշտարակը ոսկեգույն է ներկվել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին, ով մահացել էր հոկտեմբերի լույս 1-ի գիշերը՝ Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։

«Այսօր երեկոյան ժամը 21.30-ին Փարիզը կհարգի Շառլ Ազնավուրի հիշատակը:

Կհնչեն նրա ամենագեղեցիկ կատարումներ, նրա դիմանկարը կհայտնվի մեծ էկրանների վրա: Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կլինի ոսկեգույն», — ասվում է Անն Իդալգոյի հայտարարության մեջ:

ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ 94 տարեկան հասակում։

Աշխարհահռչակ շանսոնյեն մահացել է թոքերի այտուցից: Բժշկական փորձաքննությունը պարզել է, որ նա մահացել է բնական պատճառների հետևանքով:

«Թոքերի այտուցը հանգեցրել է սիրտ-շնչառական գործառույթների դադարեցմանը»,- հաստատել է փորձաքննությունը:

Շառլ Ազնավուր

Իսկ հայկական եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստի կարգ՝ Շառլ Ազնավուրի հիշատակին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Փարիզ (Ֆրանսիա)` հոկտեմբերի 5-ին և 6-ին մասնակցելու ՀՀ Ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակի և հուղարկավորության արարողություններին, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ մեծանուն հայորդու հոգու խաղաղության համար: