Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է թանկանալ 1.5-5.5 դրամով

Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է թանկանալ 1.5-5.5 դրամով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն առաջարկում է ՀՀ բաժանորդներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինն ավելացնել 1 կՎտժ-ի դիմաց 4.7 դրամով, գրում է Sputnik Արմենիան հայտնելով, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ այս հարցով քննարկումներ կսկսի դեկտեմբերի 23-ից։

Վերջնական թանկացման հարցը կորոշվի մինչև 2022թ–ի փետրվարը, քանի որ նոր սակագնային տարին մեկնարկելու է փետրվարի 1-ից։

Ընդ որում` թանկացման դեպքում առաջարկվում է սոցիալապես անապահով խավերի համար սակագները թողնել անփոփոխ, ամսական մինչև 200 կՎտ/ժ սպառում ունեցող բնակիչների համար սակագներն ավելացնել 1.5 դրամով, ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար` 3.5 դրամով։ Իսկ մնացած սպառողների համար` 5.5 դրամով։

ՀէՑ

Հանձնաժողովը նաև հայտնում է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարում գործող սակագների պահպանման պարագայում կառաջանա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք։

Ֆինանսական ճեղքվածքի առաջացման հիմնական գործոններն են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվող համաձայնագրով «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու «Հրազդան-5» կայանի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը։ Բանն այն է, որ դեռևս 2013թ–ին ստորագրված այդ համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան-5»–ում «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը։

Մինչդեռ կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն բերվել, այլև ավելացվել են կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորությունները։