«Էդ 3 միլիոն վարչապետներին հարցրե՞լ է Նիկոլը, որ նախարարների աշխատավարձերը գաղտնի կրկնապատկել է». Շարմազանով

Էդ 3  միլիոն վարչապետներին Նիկոլը հարցրե՞լ է, որ նախարարների  աշխատավարձերը գաղտնի կրկնապատկել է։ Այսպես արձագանքեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանձնարարականով  կրկնապատկել է նախարարների աշխատավարձերը։

«Եթե այդ հրապարակումը համապատասխանում է իրականությանը, ապա մենք գործ ունենք Կառավարության ղեկավարի ասածի և արածի հակասության հետ։ Կառավարության այսօրվա գործունեությունը փաստորեն կապ չունի իրենց հայտարարած թափանցիկության հետ։

Եթե հանրությանը տեղյակ չեն պահել, եթե այդ նույն ժողովուրդը տեղյակ չէ, որ նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է, ուրեմն մենք գործ ունենք բառացիորեն կոռուպցիայի և պետական բյուջեն մսխելու հետ, մինչդեռ հայտարարում էին, թե հրապարակում հավաքված ժողովուրդն է ամեն ինչի որոշողը»,- ասաց ՀՀԿ խոսնակը։

Վերջինս նշեց, թե դեմ չէ, որ պետական համակարգում աշխատողների աշխատավարձը բարձրանա, բայց ժամանակին նույն Նիկոլ Փաշինյանն իրենց էր քննադատում աշխատավարձերի բարձրացման համար ու շեշտում, որ գյուղերում տատիկ-պապիկները սոված են քնում, «նիսյա են առևտուր անում», իսկ մենք խոսում ենք պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին։

«Կրկնում եմ՝ եթե հրապարակման մեջ տեղ գտած տվյալները ճշգրիտ են, ապա Նիկոլ Փաշինյանը գործում է գաղտնի, և նրա այդ գաղտնի գործունեությունը իր մեջ պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում