«Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից». Վահե Էնֆիաջյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից… Օրվա բոլոր ժամերին արդարությունից, ազնվությունից և օրենքից խոսող, նախկին իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը, պարզվում է, շարքային հանցագործ է, ով Ազգային Ժողովի որոշմամբ պետք է զրկվի պատգամավորական մանդատից։

2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարուքյանը պատգամավոր է ընտրվել՝ կեղծելով պետական մի շարք փաստաթղթեր և իր հովանավորների հետ միասին քրեական հանցագործության է դրդել Ոստիկանության անձնագրային ծառայությանն ու Ազգային Անվտանգության ծառայությանը։

Բանն այն է, որ 2009-ի հունիսի 13-ից մինչև 2010-ի օգոստոսի 30-ը Մարուքյանը բացակայել է Հայաստանից, այսինքն՝ 1 տարի 17 օր վերջինս Հայաստանում չի եղել, սակայն Ոստիկանության անձնագրային ծառայությունը Մարուքյանին տեղեկանք է տվել առ այն, որ քաղաքացի Էդմոն Մարուքյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում։ Իսկ որտե՞ղ է եղել Մարուքյանը 2009-ի հունիսի 13-ից մինչև 2010-ի օգոստոսի 30-ը ընկած ժամանակատահվածում։

Վերջինս «Հուբեր Հանֆրիի» ծրագրով այդ ժամանակահատվածում սովորել է ԱՄՆ Մինեսոթայի համալսարանում։ Ու եթե լուսավոր Էդմոնն անձի երկվությամբ չի տապառում, ապա նույն ժամանակահատվածում նա չէր կարող լինել միաժամանակ ևʹ Հայաստանում, ևʹ Միացյալ նահանգներում։

Այսինքն, Մարուքյանը կեղծ փաստաթղթեր ներկայացնելով կատարել է քրեական հանցագործություն, որը պատժվում է 4 տարի ազատազրկմամբ, իսկ Մարուքյանի կնքահայր Միշիկը հանցագործության է դրդել Ոստիկանության անձնագրային ծառայությանն ու ԱԱԾ-ին՝ Էդմոնին կեղծ տեղեկանք տալու համար։

Ուստի, քրեական պատասխանատվության մի հոդված էլ հասնում է Միշիկին և քանի որ հին Հայաստանում Միքայել Մինասյանի թուրը կտրում էր աջ ու ձախ և ժամանակին Էդմոնը խուսափեց քրեական պատասխանատվությունից, այսօր բազմաթիվ քաղաքացիներ և հատկապես վանաձորցիներ դիմում են իրավապահ մարմիններին՝ խնդրելով ուսումնասիրել վերոնշյալ փաստերը և դիմել նորընտիր Ազգային Ժողովին՝ Մարուքյան Էդմոնին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար` որպես հանցագործի։

Մեզանից յուրաքանչյուրի բարոյական պարտքն է մաքրել հայաստանյան քաղաքական դաշտն էդմոնատիպ ժուլիկներից և հանցագործներից, ինչը և մենք հետևողականորեն անելու ենք»։