Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունեցել իշխանության հետ կենտրոնում գտնվող նորակառույցում. «Փաստինֆո»

Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունեցել իշխանության հետ կենտրոնում գտնվող նորակառույցում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արդեն տեւական ժամանակ է քննարկումների մեջ է իշխող քաղաքական ուժի օրենսդիր մարմնի ղեկավարության հետ։

Հանդիպումները կրել են պարբերական բնույթ՝ 2018թ. օգոստոսից սկսած՝ Երևանի կենտրոնում գտնվող նորակառույց շենքերից մեկի բնակարանում, մշտապես ստորգետնյա ավտոկայանատեղիում կանգնելու և առանձին վերելակով բարձրանալու հնարավորությամբ։

Հանդիպումներին մասնակից է եղել նաեւ ԱԺ փոխնախագահներից մեկը, որը հավատացրել է, որ գործել է իր կուսակցական ղեկավարի իմացությամբ։ Քննարկումների ժամանակ որոշակի ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունեցել ֆինանսավորման հոսքերի մասին, թե ռուսաստանյան կամ ռուսաստանահայ աղբյուրներից, ներհայաստանյան խոշոր օլիգարխներից գումարներ ստանալու ինչ աղբյուրներ ու եղանակներ կան։

Քննարկումների թեմաները ներառել են նաեւ ընտրությունները, քաղաքական դասավորվածությունները և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու նրա ֆինանսական հնարավորությունները:

Չենք բացառում, որ կողմերը հանդես կգան հերքումներով, սակայն մեր տրամադրության տակ են կոնկրետ փաստական տվյալներ, թե,օրինակ, որ հասցեում գտնվող շենքում են հանդիպումները եղել ու ում պատկանող բնակարանում։