Զովունիում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ տղային և դիմել փախուստի. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է

Զովունիում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ տղային և դիմել փախուստի. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 11։45-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորանապտույտ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա է, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում վրաերթի ենթարկվածի ազգականների ինքնազգացողությունը վատացավ, և օպերատիվորեն ժամանեցին Եղվարդ քաղաքի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո կնոջը տեղափոխեցին հիվանդանոց։

Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում ՃՈ ծառայողները՝ ավագ հետաքննիչ Տ. Բաղյանի գլխավորությամբ, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին տեղեկություն ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացավ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։