Մամուլ

«Զինվոր տղայիս զորքի առաջ ստորացրել են, հետո սպանել»․ յոթ ամիս անց Գրանիկ Խնկոյանի մահվան հանգամանքերը պարզ չեն

«Զինվոր տղայիս զորքի առաջ ստորացրել են, հետո սպանել»․ յոթ ամիս անց Գրանիկ Խնկոյանի մահվան հանգամանքերը պարզ չեն

Ժամկետային զինծառայող Գրանիկ Խնկոյանի մահվանից յոթ ամիս անց դեռ որևէ էական բացահայտման մասին իրավապահները չեն հայտնել։ Ընտանիքը զինվորի մահը համարում են սպանություն, մեղադրում են հրամանատարական կազմին։ «Քանի որ մարդասպանները հրամանատարներ են, նորություն չկա, եթե զինվոր լիներ սպանողը, շատ շուտ բացահայտել էին»,- Forrights.am-ի հետ զրույցում նշում է Գրանիկի մայրը՝ Վարդուհի Խնկոյանը։

Հիշեցնենք՝ այս դեպքը տեղի է ունեցել Արարատի «Զոդ» կոչվող զորամասում, 2023 թվականի օգոստոսի 11-ին։ Նշենք, որ այս դեպքից ժամեր առաջ կասկածելի պայմաններում մահացել է նույն զորամասի զինծառայող Ժորա Կարապետյանը։ Մայրը ընդհնարություն է տեսնում երկու զինվորների մահվան հարցում։

«Զորամասից մի քանի հոգի մեզ ասել են, որ Գրանիկի հեռախոսի մեջ տեսանյութ է եղել, որը կապված է Ժորա Կարապետյանի հետ։ Ինքն այդ տեսանյութը նայելուց է եղել, մտել հեռախոսը վերցրել են։ Ժորայի դեպքը դիրքերում է եղել, այնտեղից են ուղարկել տեսանյութը։ Զորմասից մեզ ասացին, որ Գրանիկը Ժորայի դեպքի միակ վկան է եղել, բայց մենք այդ զինվորների անունները չենք կարող տալ, քանի որ իրենք էլ նույն ճակատագրին կարժանանան»,-ասում է մայրն ու նշում, որ տեսանյութը հեռախոսում տեսնելուց հետո որդուն տանջամահ են արել։

«Նաչալնիկ-շտաբը (զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ,-հեղ․) Արմեն Թովմասյանը իմ երեխային զորքի առաջ ստորացրել է, գլխարկը վերցրել, գցել է գետին ու տրորել է, որի վրա ՀՀ զինանշանն է ու դրոշը։  Զորքին կանգնեցրել է ու վերջին հայհոյանքներն է տվել, դու ո՞վ ես, որ զինվորների հետ նման կերպ ես վարվել։ Այսքանով չեն բավարարվել։

Հայ զինվորին անուշ քնից հանել են, տարել, սաղ գիշեր ծեծել են, բութ գործիքներով ծեծել են»,-ցավով նշում է տիկին Վարդուհին ու հավելում՝ Գրանիկն իր առաջնեկն է, ամուսնությունից հետո հինգ տարի շարունակ չի կարողացել մայրանալ, միայն բարդ բուժումներից հետո է տղան ծնվել։

«Կամբատ Գևորգ Հակոբյանն էլ է ծեծել իմ տղային, աչքը կապտացրել է։ Գրանիկն է եղբորն ասել, քանի որ հայրը պետք է գնար մոտը, եղբորն ասել է՝ պապան, որ գա, կասես աչքիս մասին բան չասի, հետո իմ համար խնդիրներ կլինեն»,-նշում է մայրը և հավելում, որ դեպքից մեկ օր առաջ զորմասից զանգել են ամուսնուն և ասել են, որ Գրանիկի մոտ հեռախոս կա, եկեք, վերցրեք։ Հայրը, սակայն, չի հասցրել գնալ, քանի որ Գրանիկը զանգել և ասել է, որ տանում են դիրքեր։

Նախնական վարկածով իրավապահներն ինքնասպանություն են որակել Գրանիկի մահը։ Մայրը, սակայն, անհեթեթեություն է համարում, քանի որ փորձաքննությամբ նշվում է երկու կրակոցի մասին։ «Ո՞վ է տեսել, որ երկու կրակոցով ինքնասպանություն լինի։ Առաջին կրակոցը եղել է բերանից, մյուս կրակոցն էլ եղել աչքի տակից։ Էն աչքի, որին խփել էին ու կապտացրել, դրանով իրենց հետքերն են վերացրել»,-ասում է մայրը։

Կիսվել