Զինվորները նոր տարուց կունենան նոր որակի կոշիկներ ու համազգեստ. ՊՆ փոխնախարար

Զինվորների համար նախատեսված համազգեստի, այդ թվում կոշիկների որակը կբարձրանա: Այս մասին նշեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Բատինկաների որակն էլ կբարձրանա, հիմա փորձարկումներն են գնում, որոնք առաջարկվել են արտադրողների կողմից: Կարծում եմ՝ արդեն հաջորդ տարվանից, կամ միգուցե հասցնենք նաեւ այս տարվա վերջին ունենանք նոր որակի կոշիկներ»,-ասաց նա՝ հավելելով. «Այդ փորձաքննությունը բավական բարդ է անցնում, կան համապատասխան լաբորատորիաներ, որոնց դրական եզրակացությունը տալուց հետո կթույլատրվի դրանց մասսայական արտադրությունը՝ համապատասխան պայմանագրի հիման վրա: Հիմա այդ փորձարկումների փուլում ենք: Կարող է՝ նաեւ որոշակի ձեւական փոփոխություններ էլ կրեն՝ մոդելի առումով»:

Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյոք նախկինում եւս զինծառայողների համար նախատեսված կոշիկները նման փորձաքննություն չէին անցնում. «Միգուցե անցնում էին, ես հիմա չեմ կարող մեկնաբանել»:

Ինչ վերաբերում է զինվորների համազգեստին, փոխնախարարն ասաց. «Համազգեստը չի ձեւափոխվի, բայց որակը կբարձրանա: Ձեւի առումով կմնա նույնը, բայց կտորի հյուսվածքը կփոխվի»:

Աղբյուր՝ news.am