Զինվորական համազգեստով 2 անձինք մտել են 81-ամյա կնոջ բնակարան, ձեռքերն ու բերանը կապելով, գողացել են ոսկյա զարդերը

Զինվորական համազգեստով 2 անձինք մտել են 81-ամյա կնոջ բնակարան, ձեռքերն ու բերանը կապելով, գողացել են ոսկյա զարդերը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 27-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ից այսօր՝ ապրիլի 28-ին՝ ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված զինվորական համազգեստով 2 անձինք Վանաձոր քաղաքում՝ Շիրվանզադեի 8 հասցեի եվրոպական արտադրության պատուհանից մտել են ներս, որտեղ էլ բնակարանատիրոջ նկատմամբ կողոպուտ են կատարել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածի հարևանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի և ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Վերմիշյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում տուժածը՝ 81-ամյա Գրետա Բ.-ն, հայտնել է, որ այդ 2 անձինք, մտնելով իր տուն, փակել են բերանը, կապել ձեռքերը և հափշտակել իր մարմնի վրա եղած ոսկյա զարդերը:

Նա հայտնել է նաև, որ նրանք իրեն չեն հարվածել և չեն սպառնացել: Փաստի առթիվ քննիչ Վերմիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: