Մամուլ

Զինծառայողը փախել է հիվանդանոցից. նա չի պատրաստվում զորամաս վերադառնալ

Զինծառայողը փախել է հիվանդանոցից, նա բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի 15.07.2019թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ` զինծառայողի տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են, որ շարքային Բրոյանը այլևս բուժհաստատությունում չէ, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ: Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս:

Շարքային Յու. Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինծառայողին զորամաս վերադարձնելու ուղղությամբ:
ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ»։

Կիսվեք էջում