ԱշխարհՄամուլ

Զելենսկին Բաքվում հայտարարել է, որ աջակցում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը»

Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»: Այս մասին տեղեկացնում է unn.com.ua կայքը:

«Այսօրվա զրույցի կարևոր թեման ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է:

Մենք մշտապես աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների»,-հայտարարել է Զելենսկին:

Վլադիմիր Զելենսկի

Նրա խոսքով՝ պետությունները շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում:

«Այդ ամենն ընդգծում է մեր պետությունների միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը, մեր պետությունները շատ հարցերում մոտ դիրքորոշումներ ունեն՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով»,- ասել է Զելենսկին:

Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Կիսվեք էջում