Երևանում վնասազերծվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողը

Երևանում վնասազերծվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, ապրիլի 6-ին, ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում հայտնաբերվել է 2019 թվականից առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բաժիններից մեկի ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու մեջ հետախուզվող, Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Մկրտիչ Հովհաննիսյանը թաքնվում է Վարդաշեն 9-րդ փողոցի տներից մեկում։

Տեղեկությունը զեկուցվում է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, ում կարգադրությամբ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի ղեկավարությամբ և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի, գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի մասնակցությամբ կազմվում են օպերատիվ խմբեր, ու կարճ ժամանակում ոստիկանները ժամանում են Վարդաշեն, որտեղ էլ պարզվում է, որ ավագ օպերլիազորի տեղեկությունը հավաստի է։

Ոստիկանները կարողանում են հետախուզվող Մ․ Հովհաննիսյանին հայտնաբերել, ով քնած է լինում։ Ու երբ նրան արթնացնում են, վերջինս անակնկալի է գալիս։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա երբ տեսել է ոստիկաններին, իրենից անկախ արտահայտվել է, ասելով․

«Մորս արև, էս երազ ա՞»։ Ու մինչ նա կկռահեր երազ է, թե իրականություն, ոստիկանները նրան ձեռնաշղթաներ են հագցնում ու տեղափոխում քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

Նրա անկողնու մոտ էլ հայտնաբերվում է կարճեցված երկփողանի հարթափող հրացան և 4 հատ 16 մմ տրամաչափի փամփուշտներ։

Նա կասկածվում էր փետրվարի 20-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ արձակելու մեջ, ինչի հետևանքով Ա. Թամրազյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենայի վրա ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին կրակոցի բազմաթիվ հետքեր, սակայն Ա. Ղալեչյանի կողմից անկախ հանգամանքներում Ա. Թամրազյանի՝ փախուստի դիմելու հետևանքով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ղալեչյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար դատապարտված է եղել 6 տարվա ազատազրկման: