Երևանում վայրէջք կկատարի առևանգված Boeing 737 օդանավը

Երևանում վայրէջք կկատարի առևանգված Boeing 737 օդանավը

«Fly Armenia Airways»–ին պատկանող «Boeing 737-300» տիպի ինքնաթիռի` Իրանում հայտնվելու կապակցությամբ խոսակցություններին վերջ տալու համար ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել։

«Տարբեր վարկածներ ու անհիմն ենթադրություններ էին շրջանառվում տվյալ դեպքի առնչությամբ, բայց, ելնելով քննության շահերից, ավիաընկերությունը տեղեկություն չէր հրապարակում։

Այժմ, ցանկանալով վերջ դնել անհարկի շահարկումներին, ինչպես նաև հանրությանը մոլորության մեջ գցող ենթադրություններին, ներկայացնում ենք «Fly Armenia Airways» ավիաընկերության կողմից իրականացված քննության ընթացքում ի հայտ եկած փաստերը»,– նշված է հաղորդագրության մեջ։

«Fly Armenia Airways»-ին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից տրամադրվել է թույլտվություն Տալլին-«Հոստոմել» տեխնիկական մեկ թռիչքի իրականացման համար, որի համար անձնակազմը նույնպես հրահանգավորված է եղել։ Covid-19 համաճարակի սահմանափակումներից ելնելով` հայ օդաչուների Շենգենյան գոտու վիզայի ստացումը երկարել է, այդ իսկ պատճառով օդաչուական անձնակազմը լիզինգատուի կողմից է առաջարկվել։

Փետրվարի 20-ին «Fly Armenia Airways»-ը պարզում է, որ օդանավը չի ժամանել «Հոստոմել» օդանավակայան։ Կապ հաստատելով Տալլինի օդանավակայանի հետ` պարզվում է, որ օդանավը թռիչք է կատարել այլ ուղղությամբ։

Անձնակազմը, առանց ավիաընկերության թույլտվության կամ համաձայնության, կեղծելով փաստաթղթեր, Տալլինից մեկնել է Բուլղարիայի Վառնա քաղաքի օդանավակայան։

Այնուհետև տեղի ժամանակով 11:41 օդանավը լքել է Վառնայի օդանավակայանը՝ ուղղություն վերցնելով Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ Շարժա քաղաք։