Երևանում մեքենաների կայանման խնդիրը՝ սպանության պատճառ

Երևանում մեքենաների կայանման խնդիրը՝ սպանության պատճառ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` հոկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացու դանակահարել են։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հակոբ Շահբանդարյանի և Էդուարդ Ծառուկյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում նշված տարածքի 51Ա և 53 հասցեների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել ավտոմեքենան կայանելու համար, որի ժամանակ Ամառանոցային 1-ին տարածքի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Եղիշե Գ-ն դանակով հարվածներ է հասցրել նշված փողոցում հյուր եկած, ՌԴ քաղաքացի, 46-ամյա Նելսիկ Կ-ին, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հարևանը իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է։