Երևանում թալանել են հայտնի գործարարի տունը

Երևանում թալանել են հայտնի գործարարի տունը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում բնակարանային գողություն հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 11-ին Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած գողության փաստով:

Այդ օրը՝ երեկոյան, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Արաշակունյաց պողոտայի շենքերից մեկի բնակիչ, 56-ամյա Սենիկ Մ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ից մինչև 17:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը և 2-րդ հարկի ննջասենյակներից գողություն են կատարել:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Շենգավիթի քննչական բաժնի խումբը ավագ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ:

Երևանում թալանել են

Արդեն տեղում Սենիկ Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը տանից հափշտակել են գումար և ոսկյա զարդեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սենիկ Մ.-ն հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Բագարանի բարիք» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: