Երևանյան ռեստորաններից մեկում թունավորման դեպք է գրանցվել

Երևանյան ռեստորաններից մեկում թունավորման դեպք է գրանցվել

Երևանյան ռեստորաններից մեկում ենթադրաբար թռչնամսից թունավորման դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում են Burgery Angus & more սննդի կետից։

«Վերջին շրջանում երևանյան սննդի տարբեր կետերում հաճախացել են թռչնամսի օգտագործմամբ պայմանավորված թունավորման դեպքերը։

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Burgery Angus&More ռեստորանում։ Մենք անվտանգ, որակյալ սննդի մատուցման և միայն թարմ ու բարձրորակ մթերքներ օգտագործելու ջատագովն ենք։

Մեր ռեստորանի հյուրերն ու մեր ծառայություններից օգտվողները գիտեն, որ բարձրորակ մթերքներով աշխատելը մեզ համար եղել է, կա ու կմնա գերակա սկզբունք։ Մենք ավելի քան շահագրգռված ենք առաջինն իմանալու դեպքի պատճառն ու հանգամանքները։

Այս պահին սերտորեն համագործակցում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ՝ իրականացնելով լաբորատոր անհրաժեշտ փորձաքննությունները։

Ստուգումների արդյունքներն արդեն հայտնի կլինեն սույն թվականի նոյեմբերի 25-ին, և իմանալուն պես՝ կներկայացնենք հանրությանը։ Ստուգումներով պայմանավորված՝ Burgery Angus&More ռեստորանը ժամանակավորապես փակ է։

Մեր հյուրերի առողջությունն ու անվտանգությունը միշտ առաջնային են մեզ համար։ Մենք տուժած քաղաքացիների կողքին ենք և ցուցաբերում ենք անհրաժեշտ աջակցություն։

Burgery Angus&More ռեստորանի ամբողջ թիմի անունից բոլորին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և քաջառողջություն»։