Մամուլ

Երևանի Կենդանաբանական այգում յագուար է սատկել

Երևանի Կենդանաբանական այգում յագուար է սատկել

Այս մասին հայտնել է Կենդանաբանական այգու տնօրեն Արևիկ Մկրտչյանը։

«Թեպետ վատ լուրով, միեւնույն ժամանակ հավատարիմ մնալով թափանցիկ աշխատելաոճին՝ հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու յագուարին առավոտյան գտել ենք անշարժացած:

Որեւէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան:

Կատարել ենք հակաբիոտիկային բուժում, որից հետո յագուարն ակտիվացավ, սկսեց կես բաժնի փոխարեն մեկն ուտել:

Մահը հանկարծակիի բերեց բոլորիս առավոտ կանուխ՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր:

Այսօր իմ հրավերով Այգի են ժամանել ՀՀ ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու Ագրարային համալսարանի լավագույն պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար:

Նախնական ախտորոշմամբ պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնեւմոնիայի. ախտահարված էին կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը: Թոքերի շուրջ եւ տարածված կային նաեւ տեսանելի հյուսվածքներ, որ նորագոյացության կասկած տվեց, ինչը պարզելու համար կենսանմուշն ուղարկեցինք հիստոպաթոլոգիական անալիզի:

Լրացուցիչ իրականացրել ենք տոքսոպլազմոզի ստուգում՝ դրական ելքով (որի համար կա հավանական 2 պատճառ՝ տարածքի թափառող կատուներ + սննդակարգի վարակված միս, բայց սա մահվան պատճառ լինել չէր կարող), նմուշի մանրէաբանական լաբ. ստուգում, ինչպես նաեւ թունաբանություն՝ բացառելու համար բոլոր այլ գործոնները:

կենդանաբանական այգի

Լաբորատոր եւ դիահերձման պատասխանները պարզ կլինեն 3-4 օրվա ընթացքում, որի արդյունքները լինելուն պես կհրապարակեմ:

Նախքան դա խնդրում եմ բոլորին նվազագույնը սպասել մասնագիտական եզրահանգմանը եւ զերծ մնալ սուբյեկտիվ դատողություներից ու չհիմնավորված ենթադրություններից:

Յագուարին ներմուծել եմ ես՝ Վրաստանի Հանրապետությունից, դեռ 2013թ-ին: Կենդանին ընդամենը 3 տարի ցուցադրվեց, իսկ 2016թ.-ի վերակառուցումից հետո մինչ օրս պահվեց Այգու կարանտինային շենքում, ուր ջեռուցումն, իմ տվյալներով, մշտապես խնդիրներ է ունեցել:

Կենդանու հիվանդության պատմություն/անկետա գոյություն չունի: Կլինիկական ախտանիշներ նկարագրված չկան, սակայն ցանկացած կենդանաբույժ կհավաստի, որ բրոնխիտային – թոքային պրոցեսը ժամանակին չհայտնաբերելն ու չբուժելն անհետեւանք մնալ չէր կարող: Հիստոպաթոլոգիան կտա բոլոր հարցերի պատասխանները, վերջնական եզրակացությունը կհաջորդի:

Յագոն իմ սիրելին էր՝ Երեւանին նվիրաբերված առաջին կատվազգին…»,- գրել է նա։

Կիսվեք էջում