Երևանը նոր բնակելի թաղամաս կունենա

Երևանը նոր բնակելի թաղամաս կունենա

Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի համաձայն` 2022 թվականի հոկտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է նաև Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի հ.320 հասցեի նոր կառուցվող թաղամասն անվանակոչելու մասին հարցը:

Նախագծում նշված է, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը և 17- րդ կետի 1-ին ենթակետը, Երևան քաղաքի ավագանին որոշում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի հ.320 հասցեի նոր կառուցվող թաղամասն անվանակոչել «Դեֆանս Հաուզինգ»։

Երևան

Երևանի Տիչինայի փողոցի հ.320 հասցեում գտնվող 118 հա մակերեսով հողամասում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ թաղամաս, որը Փարիզի «Դեֆանս» թաղամասի նմանությամբ, իր մեջ կրում է նոր տիպի ժամանակակից քաղաքի գաղափարը:

Շինարարությունն իրականացվելու է երեք փուլով: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 63 բազմահարկ բնակելի շենք՝ ընդարձակ կանաչապատ բակերով: Թաղամասում կկառուցվեն և կգործեն մի քանի մանկապարտեզ և դպրոց: Երկրորդ փուլով կկառուցվի բիզնես կենտրոն 15 բազմահարկ շենքերով:

Երրորդ փուլով նախատեսվում է կառուցել ևս մեկ բնակելի թաղամաս՝ 30 բնակելի շենքերով, և ժամանակակից չափանիշներին համապատասխանող, նորագույն սարքավորումներով հագեցած հիվանդանոց:

Փարիզի համալսարանական լավագույն հիվանդանոցներից մեկի հետ կա նախնական պայմանավորվածություն՝ հիվանդանոցը ֆրանսիական բժշկության չափանիշներով կառուցելու, կահավորելու, սարքավորումներով հագեցնելու, ինչպես նաև բուժանձնակազմի վերապատրաստման և մշտական համագործակցության վերաբերյալ: