Երկրի ղեկը զավթելուց հետո բարի եղիր մեքենա վարել սովորել, կամ զիջիր, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ Փաշինյանին

Երկրի ղեկը զավթելուց հետո բարի եղիր մեքենա վարել սովորել, կամ զիջիր, քանի ուշ չէ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ իր գրառումը վերնագրելով. «Ձախողվածի վերջին հանգրվանը»:

Նա, մասնավորապես, նշել է.

« Իշխանափոխությունից հետո Հայաստանում քաղաքական մանկամտությունը դարձել է նոր տրենդ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառուցված իշխանական բուրգը աճպարարության, ապաշնորհության եւ կեղծարարության հարցում չունի մրցակիցներ ոչ միայն երկրում, այլեւ երկրից դուրս:

Տասնյակ չկատարված խոստումներին, հասարակության խորացող ապատիային եւ հիասթափությանը գումարվում են նաեւ արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնց նկատմամբ վարվող ներքին եւ արտաքին ապիկար քաղաքականությունը ոչ միայն համարժեք չէ, այլեւ հետզհետե հյուծում է երկու հայկական պետությունների դիմադրողականությունը:

Բացատրություն պահանջող հայացքների, եռագույն գուլպաների, ռազմավարական դաշնակցի դեմ «տեխնիկական վրիպակների» վրա խարսխված արտաքին քաղաքականությունը սկսում է տալ առաջին որդնած պտուղները:

Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում հայկական դիրքերի թուլացումը, Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, տարածաշրջանային եւ գլոբալ այլ մարտահրավերները որեւէ լավատեսության հիմք չեն թողնում:

Իհարկե, ոչ մեկը պատերազմից երախշավորված չէ: Այսպիսին է եղել եւ կլինի հայ ժողովրդի ճակատագիրը իր բազմահազարամյա պատմության ընթացքում: Սակայն այլ հարց է, թե ինչպիսի՞ «մարզավիճակում» է Հայաստանը, ինչպե՞ս է երկիրը պատրաստվում այդ պատերազմին:

Իրավիճակին Սեւանի կառավարական տան լողավազանի պռնկից եւ պաշտոնական ցուցահանդեսների տաղավարներից նայող վարչապետը, ունակ չլինելով համարժեք լինել երկրի առանց այդ էլ գոյություն ունեցող խնդիրներին, այս մեկ տարուց ավել զբաղված է պետական ինստիտուտների վարկաբեկման, թուլացման, կազմաքանդման եւ Հայաստանը հյուծող նախաձեռնումներով:

Հասարակության օրեցօր խորացող պառակտումը, իրական տնտեսության կաթվածահար վիճակը, կապիտալի ահագնացող արտահոսքը, քաղաքական մրցակիցների նկատմամբ պետական ռեպրեսիվ ապարատի ամբողջական գործադրումը քողարկելու համար «մակարոնի արտադրամասի» վերածված պետական քարոզչամեքենան սկսել է «Պահանջվում են մեղավորներ» ակցիան:

Փաշինյանի «Հայկական ժամանակը», որը վաղուց դարձել է վարչապետի ներքին ձայնը, հերթական անգամ անդրադառնում է «դավաճանության» հարցին:

Հոդվածագրի երեւայակայության մեջ Հանրապետականների եւ այլ գործիչների կողմից այս իշխանությունների վարվող ապաշնորհ քաղաքականության քննադատությունը պիտակավորվում է որպես դավաճանություն:

Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ որքան ազատ է երկիրը եւ երկրի քաղաքացին, այդքան ավելի ուժեղ է այդ պետությունը: Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ սրտի կաթվածի վտանգի մասին ախտորոշում դնող բժիշկը մեղավոր չէ, որ դու խմող ես, ծխող, անշարժունակ եւ ավելորդ քաշով:

Վտանգների մասին ահազանգողները պարզապես քեզանից խելացի են, իմաստուն եւ հայրենասեր: Երկրի ղեկը զավթելուց հետո բարի եղիր պետական մեքենա վարել սովորել: Կամ զիջիր, քանի ուշ չէ:

Որովհետեւ դավաճան ես դառնում հենց դու, երբ երկրի իրական խնդիրները թողած, զբաղված ես քինախնդրությամբ: Դավաճան ես դառնում դու, երբ շարունակաբար վարկաբեկում ես բանակն ու Արցախի հերոսներին: Դավաճան ես դառնում դու, երբ ապաշնորհ կերպով մսխում ես երկրի քաղաքական պոտենցիալը: Դավաճան ես դառնում դու, երբ ավելի շատ ֆշշցնում ես երկրիդ ներսում, քան երկրից դուրս: Դավաճան ես դառնում դու, երբ Ալիեւը քեզ համար լեգիտիմ է, իսկ նախկին իշխանությունները՝ «կեղծարար թալանչիներ»:

Կարծում ես, որ քո պարզունակ ընկալումների մեջ ներքին թշնամի հորինել եւ նշանակելը կարող է փրկե՞լ քեզ պատմության եւ ժողովրդի դատից: Չարաչար սխալվում ես: Ներքին թշնամի հորինելը ձախողվածների վերջին հանգրվանն է: Քո վերահաս տապալումների համար մեղավորներ փնտրելու քաստինգը նույնպես ձախողված է, քանզի մեղավորը դու ես, միայն դու, եւ ոչ ոք քեզանից բացի:

Ի դեպ, գոնե այս հարցում, ավաղ, Ալիեւը իրոք քեզանից կիրթ է եւ խելոք: Մինչեւ դու խուճապահար փնտրում ես ներքին թշնամիներ եւ Արցախյան բանակցությունների պատմությունը իր հետ ես ճշտում, նա հայերիցս շարունակաբար կերտում է արտաքին թշնամու կերպար՝ իր պետությունն ու ժողովրդին պատրաստելով պատերազմի:

Եվ եթե այդպես շարունակես կառավարել, ապա Հայաստանի եւ Արցախի անվտանգության ու ապագայի համար ոչ թե քո արտգործնախարարի ասած «Դուշանբե պլյուս» է պետք լինելու, այլ «Փաշինյան մինուս»: