Երթեր, ցուցահանդեսներ, կլոր սեղաներ և ֆլեշմոբեր. Ուկրաինայում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ուկրաինայի հայերի միությունը և տարածաշրջանային համայնքները միջոցառումներ են կազմակերպել և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

Ապրիլի 24-ին հիմնական միջոցառումները տեղի ունեցան Կիևում։ Ավանդական ժամերգությանը, որը գլխավորեց Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, ներկա էին Ուկրաինայի հայերի միության, Կիևի հայ համայնքի ներկայացուցիչները, կիևցիներ և մայրաքաղաքի հյուրեր։

Ելույթով հանդես եկան Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում Վատիկանի դեսպան, արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։ Հիշատակի աղոթքից հետո տեղի ունեցավ երթ Կիեւի կենտրոնում, ամենամյա ֆլեշմոբ, որը կազմակերպել էր Կիեւի հայ երիտասարդությունը։

Նախօրեին տեղեկացվել էր Լուցկում խաչքարի օծման եւ Կիեւում կլոր սեղանի մասին, որին ներկա էին մի շարք երկրների դեսպաններ։

Ուկրաինայում հարգել

Ապրիլի 23-24-ի միջոցառումների ցանկում էին կլոր սեղաններ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշողության երեկույթներ, ֆլեշմոբեր, երթեր, ծառատունկ, վավերագրական եւ թեմատիկ ֆիլմերի դիտումներ՝ նվիրված 1915 թվականի իրադարձություններին։

Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում հիշատակի աղոթք է բարձրացվել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ուկրաինական քաղաքների փողոցներում տեղադրված էին բաներներ, բիլբորդեր, սիթիլայթեր եւ տեղեկատվական այլ նյութեր Հայոց ցեղասպանության մասին։

Ցեղասպանության զոհեր

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից երկրի տարբեր շրջաններում բացվել է ավելի քան 20 խաչքար:

Կիսվիր ընկերներիդ հետ