Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է․ մանրամասներ՝ «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վթարից

Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է․ մանրամասներ՝ «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վթարից

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է․

Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ:

13 վիրավոր հոսպիտալացվել է: Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են:

Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։