Երեւանում բնական ճանապարհով բեղմնավորված եռյակ տղաներ են ծնվել (ֆոտո)

Երեւանում բնական ճանապարհով բեղմնավորված եռյակ տղաներ են ծնվել

Օրերս Երեւանի «Սեբաստիա Ծննդատանը» լույս աշխարհ են եկել եռյակ տղաներ՝ բնական ճանապարհով բեղմնավորված։ Այս մասին հայտնում է ծննդատան ֆեյսբուքյան էջը։

««Սեբաստիա Ծննդատանը» հերթական եռատոնն է: Արդեն երկրորդ անգամն է, որ ծննդատան կոլեկտիվն ականատեսն ու անմիջական մասնակիցն է դառնում բնական ճանապարհով հղիացած եռյակի լույս աշխարհ գալուն», — ասվում է հաղորդագրության մեջ։

Կեսարյան հատումով ծնված Հայկը, Հայկազն ու Հենրին լիարժեք առողջ երեխաներ են: Նրանց մայրը՝ Արմինե Թովմասյանը, եւս առողջ է եւ իրեն լավ է զգում։ Ի դեպ, տանը եռյակներին սպասում է նրանց ավագ քույրը։

Հղիության ընթացքը հսկած մանկաբարձ-գինեկոլոգ Բերսաբե Դարմանյանի խոսքով՝ Արմինեն հղիության 9-րդ շաբաթից իր մոտ էր հսկվում։

«Իմ պրակտիկայում արդեն չորրորդ անգամ եմ վարում բազմապտուղ հղիություն և անասելի հպարտություն է մեր ազգին երեք զինվոր պարգևելու գործը ստանձնելն ու Թովմասյանների ընտանիքին Աստծո օրհնությունը եռակի կերպով հասցնելու գործին «մասնակցելը»», — նշում է մասնագետը։