Երեխան ցրտահարվել և մահացել է, մինչ ծնողները քնած են եղել

Երեխան ցրտահարվել և մահացել է, մինչ ծնողները քնած են եղել

ՌԴ Խակասիայի Հանրապետությունում ծնողներն իրենց տան բակում գտել են յոթամյա դստեր՝ ցրտից սառած, անշնչացած մարմինը։ Life-ի աղբյուրի փոխանցմամբ, մահացած աղջիկը զարգացման լուրջ խանգարումներ է ունեցել։

Թե որքան ժամանակ է երեխան մնացել փողոցում, պարզ չէ։ Հայտնի է, որ աշակերտուհու դին հայտնաբերվել է հոկտեմբերի 28-ի առավոտյան ժամը 11-ի սահմաններում։ Ծնողները հավաստիացրել են, որ տեսել են, թե ինչպես է երեխան հոկտեմբերի 27-ի երեկոյան պառկել մանկասենյակում։ Երեխան թեթև հագուստով է եղել՝ առանց գուլպաների։

Ի դեպ, այդ գիշեր օդի ջերմաստիճանը -7 աստիճանից ցածր է եղել։ Երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս պահին իրավապահները հակված են այն վարկածին, որ աշակերտուհին գիշերը դուրս է եկել այգի և ապակողմնորոշվելով՝ քնել է դրսում, իսկ հետո սառել և մահացել։

Բժշկական կենտրոն

Աղբյուրի զրուցակիցը նշել է, որ աղջիկը մտավոր հետամնացություն է ունեցել, սովորել է հատուկ դպրոցի առաջին դասարանում։ Հիվանդության պատճառով երեխան չի խոսել և չափազանց անհանգիստ է եղել, ուստի տանը գրեթե ամենուր փոքրիկ կողպեքներ են կախված եղել։

Տանը, բացի մուտքի դռնից, եղել է նաև դեպի կաթսայատուն տանող դուռ, որը կողպված չի եղել, հենց դրանով էլ աղջիկն, ամենայն հավանականությամբ, գիշերը դուրս է եկել։ Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ «Անզգուշությամբ մահ պատճառելը» հոդվածով:

Աղբյուրը հավելում է, որ մայիսին աշակերտուհու մայրը նախազգուշացվել է ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Իսկ հոկտեմբերի սկզբին նույն հոդվածով կինը տուգանվել է, քանի որ խնամակալության մարմինները նրան նկատել են հարբած վիճակում։ Բացի հաշմանդամ աղջկանից, ծնողները մեծացնում են ևս երկու երեխա՝ 9 և 3 տարեկան։