Երեխան պատահաբար ընկել է էլեկտրական սալօջախի վրա և դեմքի շրջանում այրվածքներ ստացել

Երեխան պատահաբար ընկել է էլեկտրական սալօջախի վրա և դեմքի շրջանում այրվածքներ ստացել

Շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 1.5 տարեկան երեխա՝ դեմքի շրջանում ստացած այրվածքներով:

Վանաձորի ԲԿ-ից տեղեկացնում են, որ ըստ ծնողների պատմածի՝ երեխան այրվածքը ստացել է տանը՝ էլեկտրական սալօջախի վրա պատահաբար ընկնելու հետեւանքով:

Երեխային բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ փոքրիկի մոտ առկա են 3-րդ աստիճանի այրվածքային վերքեր, նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը բավարար է:

«Մեկ անգամ ևս կոչ ենք անում տարվա հատկապես այս եղանակին խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Էլեկտրական սալօջախները, տաքացուցիչները, թեյնիկներն ու նմանատիպ վտանգավոր իրերը հնարավորինս հեռու պահել երեխաներից, ցուցաբերել մաքսիմալ զգոնություն ու զգուշավորություն, հատկապես, երբ տանը կան մանկահասակ երեխաներ»,- հորդորում են ԲԿ-ից: