«Երբ 2018թ. սողալով գնացին՝ կանգնեցին Փաշինյանի կողքին, իրենց թվաց, թե դրանով փրկվեցի՞ն». Մարգարիտ Եսայան (Տեսանյութ)

«Երբ 2018թ. սողալով գնացին՝ կանգնեցին Փաշինյանի կողքին, իրենց թվաց, թե դրանով փրկվեցի՞ն». Մարգարիտ Եսայան

168․am-ը գրում է․ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ գործող իշխանությունը թիրախավորում է բոլորին, որովհետև վախեցած է:

«Այն ծրագիրը, որ դրված է Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական մեծամասնության առաջ, հակահայկական, հակաարցախյան, Հայաստանի և Արցախի անվտանգությանը լրջորեն վնասող ծրագիր է, ինչը մենք տեսնում ենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նախկին պատգամավորի խոսքով՝ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է լրագրողների և լրատվամիջոցների դերը, հասկանում է, որ չորրորդ իշխանությունն ուժ է.

«Նա կարողանում է խցկվել լրատվական դաշտի տարբեր միջանցքներ, և ես երեկ ցավալիորեն տեսա, որ ԱԱԾ դիմաց տեղի ունեցած դեպքերից հետո, երբ ոստիկանական ուժերը լրագրողներին քաշքշում էին, և մեկ-երկու լրագրողներ՝ կոնկրետ լրատվամիջոցներից, գրեցին՝ դե, ի՞նչ է պատահել, որ, մի քիչ քաշքշել են, ինչի՞ եք իրար խառնվել, առաջ մեզ ավելի շատ էին քաշքշում:

Սա նշանակում է, որ այդ ատելության, անհանդուրժողականության թույնը, որ Նիկոլ Փաշինյանը բերեց իր իշխանությամբ՝ ամբողջ հասարակությանը բաժանելով մերոնց և ձերոնց, սևերի և սպիտակների, ինքը դա կարողանում է նաև անել լրատվական դաշտում:

ՀՀ-ում երբեք չի եղել, որ լրագրողների շահերը պաշտպանելու համար չկանգնեն բոլոր լրատվամիջոցները, ամբողջ դաշտը մշտապես կանգնել է այն լրագրողների կողքին, որոնց դեմ իշխանությունները կամ ուժ են կիրառել, կամ փորձել են բռնություն իրականացնել:

Նույն Նիկոլ Փաշինյանի կողքին էին կանգնում: ՀՀ-ում երբևէ չի եղել դեպք, որ լրատվական դաշտը բաժանվի մերոնց և ձերոնց»:

Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Մարգարիտ Եսայանն ասաց, որ ակնհայտորեն Գագիկ Ծառուկյանը վաբանկ է գնում.

«Ես, անկեղծ ասած՝ զարմացած եմ, չէի սպասում, որովհետև ինքն ունի հսկայական կայսրություն, հսկայական հարստության տեր է, որը կորցնելը ճակատագրական պետք է լինի իր համար:

Ես զարմացած եմ Գագիկ Ծառուկյանի դուխի վրա, որ կանգնեց և ասաց, դա ինձ համար հարգանքի արժանի դիրքորոշում է, բայց մյուս կողմից էլ՝ չեմ կարողանում ներել Գագիկ Ծառուկյանին զուտ նրա համար, որ 2018թ. իշխանափոխության ժամանակ գնաց և կանգնեց Փաշինյանի կողքին:

Որևէ քաղաքական ուժի, որոնք այս օրերին կանգնեցին Փաշինյանի կողքին և դավաճանեցին իրենց երբեմնի կոալիցիոն գործընկերոջը, իրենց տարիների գործընկերոջը՝ ՀՀԿ-ին, և սողալով գնացին կանգնեցին Փաշինյանի կողքին, իրենց թվաց, թե դրանով փրկվեցի՞ն, բայց ես 2 տարի առաջ՝ ապրիլի 27-ին, ասել եմ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կրակի վրա որևէ ճաշ չի կարող եփվել, որևէ վստահություն ինքը չի կարող ներշնչել»:

Նա նշեց, որ, եթե Գագիկ Ծառուկյանն իսկապես հասկանում է, որ կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի, ինքը միայն ուրախ է դրա համար։

Առավել մանրամասն՝ 168.am-ի տեսանյութ