Երբ կունենանք նոր ատոմակայան

Երբ կունենանք նոր ատոմակայան

1in.am-ը գրում է․ 2019-ի դեկտեմբերին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում էր, որ Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հեռանկար չի քննարկել, և գործող էներգաբլոկը կաշխատի մինչև 2026 թվականը, սակայն տարեսկզբին ՀՀ կառավարությունը հաստատեց մինչև 2040 թվականը էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը, որտեղ նշվում է, որ Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը նոր ատոմակայանի կառուցումն է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն էլ օրերս իր հարցազրույցում հաստատեց՝ իրենց որդեգրած ռազմավարությունն է ունենալ նոր ատոմակայան: Այս պահին այս էներգաբլոկը կարող է իր գործունեությունը շարունակել նախ մինչև 2026 թվականը, մինչդեռ հնարավոր է այն շահագործել մինչև 2036 թվական:

«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մինչև 2036 թվականը դեռ շատ անելիքներ կան:

ատոմակայան

«Բացի դրանից, կարող է մինչև 36 չլինի, 41 թվական լինի, այդպիսի հնարավորություն էլ կա: Իսկ 26 թվականից հետո նորից որոշ աշխատանքներ կան, որ պետք է արվեն, որպեսզի երկարացվի շահագործման ժամկետը»,- ասաց նա:

Բացի դրանից, ըստ մեր զրուցակցի, էներգետիկ ռեսուրսներ՝ նավթ, գազ, չունեցող երկրում, ինչպիսին մերն է, որն ունի արև, չունի քամի, անպայման պետք է լինի ատոմային էլեկտրակայան: Եվ հիմա մնում է կողմնորոշվել, թե ինչ բլոկ պետք է ունենանք, ֆինանսավորման ինչ աղբյուրներ:

«Մեզ ձեռնտու է ունենալ միջին և տարբեր հզորության բլոկներ, այսինքն՝ մինչև 500-600 մեգավատ տեղակայման հզորության բլոկ, որից առանձնապես շատ չկա, կա Չինաստանում, Ռուսաստանում, և կան մոբիլ ատոմակայաններ, և հիմա շատ քննարկումներ են գնում, որ հարկավոր է 200 կամ 400 ՄՎՏ հզորությամբ ունենալ: Բայց այստեղ խոսքը միլիարդավոր դոլարների մասին է. կախված, թե ինչպիսի բլոկներ են դրվում, այդ միլիարդները կարող են փոփոխվել, իսկ այդ բլոկը կառուցելու համար առնվազն տասը տարի ժամանակ է պետք»,- ասաց Պետրոսյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում