«Երազելով չեմ կարող ինձ և բալիկիս պահել». Ինչ բիզնեսով է զբաղվում Նաիրա Մովսիսյանը

Երազելով չեմ կարող ինձ և բալիկիս պահել․ Տևական ժամանակ է՝ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը չի երեւում էկրաններին և բեմերին: Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ առաջիկա մեկ տարում լքելու է դերասանական ասպարեզն ու զբաղվելու է բիզնեսով. «Դա ինձ համար ավելի շահավետ է եւ ձեռնտու, քան ցանկացած նախագիծ»:

Թե կոնկրետ ինչ բիզնեսի մասին է խոսքը, դերասանուհին հրաժարվեց մանրամասներ հայտնել: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ վերջին շրջանում հեռուստանախագծերից մի շարք առաջարկներ է ստացել, որոնք մերժել է. «Կարծես ամեն բան հակառակ լինի. երբ ինձ էին հարկավոր հրավերներ, դրանք չկային, երբ այլեւս չեմ կարող ընդունել, դրանք հաջորդեցին մեկը մյուսին: Ուզում եմ ասել՝ բա ու՞ր էիք այսքան ժամանակ կորել»,-ասաց Նաիրան:

Նաիրա Մովսիսյան

Հարցին, թե չի վախենում արդյոք, որ առաջիկա մեկ տարին կորստի տարի կլինի ստեղծագործական առումով, դերասանուհին պատասխանեց.

«Ոչ, ես միայն շահելու եմ: Այդպես ավելի կկատարելագործվեմ այն ոլորտում, որտեղ հիմա եմ գործում: Չեմ կարող կենտրոնանալ միաժամանակ մի քանի աշխատանքի վրա: Կվերադառնամ դերասանական ասպարեզ այն ժամանակ, երբ ինքս կուզեմ: Երբ դերասանն ունենում է իր կայուն եկամուտը եւ կախված չի լինում ինչ-որ մարդկանցից, կարող է հայտնվել այնտեղ, որտեղ ինքն է ուզում:

Հիմա դերասանին երկու կոպեկ են տալիս ու նրա հաշվին մեծ եկամուտներ են ապահովում: Իհարկե, դա լավ բիզնես է, բայց արդյունքում դերասանն է տուժում: Ավելի լավ է` ես զբաղվեմ մի գործով, որն անմիջապես ինձ եկամուտ կբերի, հետո արդեն ես դերասանի պրոֆեսիոնալ կարիերան կշարունակեմ: Բայց այդ դեպքում ես կլինեմ առաջարկողը»:

Նաիրա Մովսիսյան

Մենք հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, կա դեր, որի մասին Նաիրան երազում է. «Ոչ, վաղուց որեւէ դերի մասին չեմ երազում: Ուղղակի հասկացել եմ, որ երազելով չեմ կարող ինձ եւ բալիկիս պահել»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Մենք մի փոքր էլ զրուցեցինք թատրոնի մասին. «Ժամանակին ես ամուսնացել էի թատրոնի հետ, բայց դա ինձ չերջանկացրեց, չհուզեց, թատրոնը ինձ չգրկեց, չհամբուրեց…»,- եզրափակեց Նաիրան:

Աղբյուր՝ armlur.am