Ես և որդիս Աստծո օգնությամբ փրկվեցինք, ի՞սկ մյուս մայրերն ու երեխաները

Ես և որդիս Աստծո օգնությամբ փրկվեցինք, ի՞սկ մյուս մայրերն ու երեխաները։ Այս մասին Bavnews.am-ի հետ զրույցում ասաց Ռիմա Գալստյանը, ով իր խոսքը ուղղեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Երեխաս ծնվեց սեպտեմբերի 4-ին 22։20 Հանրապետական ծննդատանը։ Ես Վանաձորից եմ, հղիության ողջ ընթացքում ինձ շատ լավ եմ զգացել, հաճախել եմ բոլոր կոնսուլտացիաներին ու սոնոգրաֆիաներին, անալիզների պատասխանները մինչ օգոստոսի վերջ եղել են նորմալ…

Վերջին անալիզների ժամանակ իմ բժշկուհին գնաց արձակուրդ և չհասցրեց պատասխանները նայել։ Պատասխանների համար ես այցելեցի նրան փոխարինող բժշկի մոտ, որտեղ պարզ դարձավ մեզի սպիտակուցների բարձր լինելու խնդիրը։ Փոխարինող բժիշկը նորից ուղարկեց սոնոգրաֆիայի՝ երիկամների և պտղի։

Այդ ժամանակ պարզվեց պտղաջրերը շատ պակաս են։ Ինձ ուղարկեցին Վանաձորի ծննդատուն ստացիոնար բուժման։ Բոլոր հետազոտությունները և անալիզները նորից հանձնեցի արդեն այնտեղ։

Սակայն այնտեղ նոր սոնոգրաֆիայի ստուգումը հայտնաբերեց երեխայի անհասությունը, որը պտղի մոտ սկսվել էր մեկ ամսից ավել և ոչ մի սոնոգրաֆիա, ոչ մի բժիշկ անգամ չէր հասկացել։ Նույն պահին ինձ ուղեգրեցին Հանրապետական ծննդատուն ծննդալուծման, քանի որ ամեն րոպեն կաևոր էր թե՛ իմ, թե՛ պտղի համար։

Այստեղ բոլոր հետազոտություններից հետո շտապ վիրահատեցին։ Երեխաս ծնվեց 1670գրամ, ի ուրախություն ինձ լուրջ խնդիրներ չունի։ Հիմա երկուսս էլ գտնվում ենք այստեղ, սպասում եմ փոքրիկի աճին։

Այս բոլոր դժվարություններից, խնդիրներից, սթրեսներից հետո այստեղ գտնվող շատ աշխատակիցներ անամոթաբար խոսում են “շնորհակալություն հայտնելու” մասին։

Ե՞րբ կկարողանաք վերահսկել “շնորհակալություն հայցող”, սոնոգրաֆիայի սարքավորումներին չտիրապետող, իրենց կարևոր աշխատանքին մատերի արանքից նայող և մարդկանց կյանքին վտանգ ներկայացնող բժիշկներ կոչվող երևույթներին։

Ես և որդիս Աստծո օգնությամբ փրկվեցինք, ի՞սկ մյուս մայրերն ու երեխաները…»։