«Ես փորձում եմ ու ուզում եմ լինել լավ կին, դա ինձ համար նպատակ է». Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը սերիալային իմաստով դադարի մեջ է՝ իր խոսքով սպասելով նոր ու հետաքրքիր առաջարկների: Իսկ ամուսնական կյանքի մասին պատմեց հետևյալը․

«Հիմա աշխատանքում պասիվ եմ, բայց փոխարենը ժամանակս օգտագործում եմ ընտանիքիս վրա»,- նշեց նա, իսկ հարցին, թե պասիվությունը ի՞ր կամքն է, որպեսզի նորաստեղծ ընտանիքը ճիշտ հիմքերի վրա կառուցի, պատասխանեց.

«Իհարկե, ընտանիքը ժամանակ պահանջում է. Կամ պետք է կարողանաս համատեղել ընտանիքն ու աշխատանքը, կամ ավելի շատ կենտրոնանաս առաջինի վրա: Ինքս, կարծում եմ, այն տեսակին եմ պատկանում, որ կարող եմ համատեղել, եւ շատ զբաղվածության դեպքում ավելի շատ բաներ կարող եմ հասցնել»:

Թե ինչպիսի կին է Շուշաննան, դժվարացավ բնորոշում տալ, բայց ընդգծեց .«Ես չգիտեմ, թե ինչպիսի կին եմ, բայց ես փորձում եմ ու ուզում եմ լինել լավ կին, եւ դա ինձ համար նպատակ է: Ես շատ լավ գիտեի, թե ուր եմ գնում եւ ինչ է ինձ սպասվում: Հստակ հասկանում էի, որ կյանքն այնպիսին չի լինելու, ինչպիսին հայրական տանը:

Ես ամուսնացա՝ ունենալով մեծ պատասխանատվություն իմ ընտանիքի կառուցման հարցում: Ես գիտեի, որ այսուհետ ես եմ տան կինը լինելու, ես եմ շատ հարցերում պատասխանատվությունը կրելու, եւ ես դրան գնացի սիրով: Իհարկե, կենցաղային հարցերը կարող են հոգնեցնել, բայց երբ կողքից ուժ ես ունենում, ավելի ուժեղ ես շարժվում առաջ: Հիմա ես վայելում եմ նոր կարգավիճակս»:

Իսկ հարցին, թե ինչ սպասելիքներ ունի 2019-ից, դերասանուհին նշեց. «Առաջին հերթին ուզում եմ մեր երկրում խաղաղություն տիրի, եւ առհասարակ պատերազմներ չլինեն աշխարհի ոչ մի անկյունում: Թող բոլորն առողջ լինեն, լավատես, ու թող, որ կատարվեն բոլորի երազանքները:

Ինքս ինձ էլ եմ մաղթում երազանքի իրականացում, բայց այն չեմ բացահայտի, թեեւ դրա հիմքում դարձյալ մեր առողջության ու երջանկության  ցանկությունն է: Ուզում եմ գալիք տարին բոլորիս համար հաջող լինի, որպեսզի 2019-ը ամփոփելիս՝ աչք փակենք անխուսափելի փոքրիկ բարդությունների վրա, եւ ընդհանուր իմաստով ասենք, որ տարին հաջող էր»:

Աղբյուր՝ life.panorama.am

Կիսվիր ընկերներիդ հետ