«Ես էլ նախարար լինեի, նույնը կանեի». Սերժ Սարգսյանի ուշագրավ ցուցմունքը մարտի 1 ի գործով

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել մարտի 1-ի քրեական գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հարցաքննության սղագրությունը:

Նա հարցաքննվել է երկու անգամ: Հիշեցնենք, որ 2008թ Սերժ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը եւ այս գործով նա հարցաքննվել է որպես վկա: Քննիչի հարցերը հիմնականում վերաբերել են 2008թ. փետրվարի 23-ի 0038 հույժ գաղտնի հրամանին, որը որակվել է ներքաղաքական գործընթացներում ԶՈՒ-ն օգտագործել, եւ այդպես սահմանադրական կարգը տապալել. մեղադրանք, որ առաջադրվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Եւ, ահա, հարցաքննության ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե ինքն էլ լիներ ՀՀ պաշտպանության նախարար, ապա ինքն էլ այդկերպ կվարվեր. կստորագրեր նման հրաման` զորքը բերելով զորանոցային վիճակի: «Ռոբերտ Քոչարյանն ինձ հետ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը քննարկել է եւ այդ քննարկման ժամանակ հայտնել է, որ արտակարգ դրության պայմաններում օգտագործվելու են Զինված ուժերը: Քննարկման արդյունքում ես դրական դիրքորոշում եմ հայտնել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա հաստատել է նաեւ, որ Արցախից բանակային ստորաբաժանումներ են բերվել, սակայն ասել է, թե Կառավարության շենքում Արցախի ՊԲ սպաների տեսել է մարտի 3-4-ին, իսկ մինչ այդ` մարտի 1-ի երեկոյան, կառավարության շենքի մոտ նկատել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներին: «Արդեն մարտի 3-ին կամ 4-ին կառավարության շենքում տեսել եմ Արցախի Հանրապետության ՊԲ ղեկավար սպաների եւ հասկացել եմ, որ Երեւան են եկել նաեւ Արցախի բանակային ստորաբաժանումներ:

Վերջիններիս գալու անհրաժեշտության, նպատակի կամ դրդապատճառների մասին չեմ հետաքրքրվել եւ որեւէ մեկին որեւէ հարցադրում այդ կապակցությամբ չեմ արել»,- ասել է Սարգսյանը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...