Եթե չենք ուզում դառնալ բանանային երկիր, պետք է ուսուցչի աշխատավարձը բարձրացնել հիմա և շեշտակիորեն. Իոաննիսյան

Եթե չենք ուզում դառնալ բանանային երկիր, պետք է ուսուցչի աշխատավարձը բարձրացնել հիմա եւ շեշտակի. — այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Ուսուցչի աշխատավարձը պետք է բարձրանա: Հիմա և շեշտակիորեն:

Եթե մենք չենք ուզում դառնալ բանանային հանրապետություն, ապա պետք է օր առաջ ուսուցիչների աշխատավարձը բարձրացվի այնքան, որ դպրոցների կրթված շրջանավարտները, ապագա մասնագիտություն ընտրելիս, ոչ միայն ծրագրավորող ցանկանան դառնալ, այլև ուսուցիչ:

Ուսուցչի աշխատավարձը պետք է լինի այնքան, որ հանրության առավել կրթված ներկայացուցիչները (որոնք, ինչպես բոլորը, ցանկանում են բարձր վարձատրվել) իրար հետ մրցակցեն ուսուցիչ դառնալու համար:

Ամենայն հարգանքով ոստիկանների ու զինվորականների նկատմամբ՝ ես չեմ կարող համակերպվել, որ ուսուցիչը, միջինում, ստանում է ոստիկանից ու զինվորականից 2 անգամ ցածր աշխատավարձ:

Մասսայական մասնագիտություններից ամենաբարձր վարձատրվողը պետք է լինի ուսուցիչը: Հակառակ պարագայում մենք չենք ունենա կրթված հանրություն: Իսկ դա, ըստ իս, պետություն կառուցելու ամենակարևոր նախապայմանն է»: