Եթե հայ-թուրքական բանակցությունները հաջող ընթանան, Էրդողանի հետ հանդիպում կլինի․ Փաշինյան

Եթե հայ-թուրքական բանակցությունները հաջող ընթանան, Էրդողանի հետ հանդիպում կլինի․ Փաշինյան

Ես համաձայն չեմ այս տեսակետի հետ, որովհետեւ մենք միջանցքային տրամաբանության որեւէ հարց չենք քննարկել, քննարկում ու քննարկելու։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հնչեցրած այն տեսակետին, որ Հայաստանը, բանակցությունների մեջ մտնելով Թուրքիայի հետ, արդեն իսկ ընդունել է թուրքական կողմի նախապայմանները, որոնցից է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի տրամադրումը։

«Մեզ համար կարեւոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, կառուցելու օրակարգը։ Թուրքիայի հետ հարաբերություններում եթե պարզվի, որ հնարավոր կոմունիկացիաներն ավելի ընդարձակ տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, դա մեր օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն է, օրինակ՝ հայ-թուրքական սահմանի եւ երկաթուղու բացումը։

Խոսք է գնում օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը ողջունում ենք, հույս ունենք՝ իրականում փոխադարձ թռիչքները կսկսվեն։ Մեր ակնկալիքը հարաբերությունների կարգավորումն է, բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիվ նրբություններ, եւ Հայաստանում կա շատ էմոցիոնալ վերաբերմունք այս հարցում։

Ուրախությամբ արձանագրեցի, որ նախորդ ասուլիսի եզրափակիչ մասում հայ-թուրքական հարաբերությունների ընկալումների մասին ասվածը բովանդակային քննարկման առարկա էր դարձել հանրության շրջանում, փորձ էր արվել խնդիրն իր էությամբ հասկանալ։ Մենք չհիմնավորված լավատեսություն չենք արտաայտում, որովհետեւ դրա հիմքը չկա, բայց կողմերը խոսելու, լավատեսության հիմք ստեղծելու փորձ են անում»,- ասաց Փաշինյանը։

Ե՞րբ է կայանալու Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը

Վարչապետը հայտենց, որ այս պահին հանդիպում նշանակված չէ։

«Հույս ունեմ՝ հնարավորինս արագ կնշանակվի։ 2, 3, 4, 5 հանդիպում չի լինելու, շատ երկար պրոցես է լինելու, եթե կստացվի 4,5 հանդիպումների արդյունքում կոնկրետ արդյունքների հասնել, շատ ավելի լավ, բայց սպասել, որ հենց այդպես էլ կլինի, չափազանցված կլինի»,- նշեց Փաշինյանը։

Հնարավո՞ր է, որ բանակցությունների արդյունքում հայկական կողմը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից

Փաշինյանը, անդրադառնալով իմ շարք լրատվամիջոցների հնչեցրած այս հարցին, նկատեց․

«ՀՀ բոլոր իշխանություններն ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել, նման բան երբեւէ չի եղել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին կառավարության ծրագրում հստակ ձեւակերպել ենք մեր մոտեցումը»։

Արդյո՞ք հայ-թուրքական սպասվող բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ նշանակված Ռուբեն Ռուբինյանի կարողությունները բավարար են նման բարդ գործընթացը նրան վստահելու համար, մտավախություն չկա՞, որ հայկական կողմը կձախողի բանակցողի փորձառության պակասի պատճառով։

Վարչապետի համոզմամբ՝ այս բանակցություններում շատ կարեւոր է, որ բանակցողը քաղաքական իշխող թիմի անդամ լինի։

«Սա էական գործոն է, կարծում եմ՝ պարոն Ռուբինյանի թե՛ կրթությունը, թե՛ անցած քաղաքական ճանապարհը, թե՛ արդեն բավական ծանր փորձառությունը (մեր թիմի որեւէ անդամի շատ դժվար է ասել փորձառություն չունեցող, վերջին տարիների ընթացքում այնպիսի փորձությունների միջով ենք անցել, որոնք, գուցե, տասնամյակների փորձություններ են) բավարար են։ Մյուս կողմից, ասացի, որ պարոն Ռուբինյանը մենակ դա չի տանելու, մեր դիվանագիտական կորպուսից ձեւավորվելու է թիմ, որն այդ ամբողջ պրոցեսն իրականացնելու է։ Պարոն Ռուբինյանը գլխավոր բանակցողն է, բայց դա չի նշանակում, թե մեր փորձառությունից էս ամեն ինչը կտրվելու է»,- նկատեց Փաշինյանը։

Էրդողանի հետ հանդիպում նախատեսվու՞մ է

Այդպիսի գաղափար, պայմանավորվածություն, վարչապետի խոսքով, չկա։

«Բայց եթե պարոն Ռուբինյանի բանակցությունները թուրք գործընկերոջ հետ հաջող ընթանան, պրոցեսը մինչեւ էդ կետը հասունանա, բնականաբար, դրան պետք է բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումներ հաջորդեն, եթե պրոցեսը հաջող ընթանա, դա, իհարկե, տեղի կունենա»,- հայտարարեց Փաշինյանը։