Եթե կառավարությունը չփոխի իր աշխատաոճը, լուրջ պրոբլեմներ է ունենալու. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

Եթե կառավարությունը չփոխի իր աշխատաոճը, լուրջ պրոբլեմներ է ունենալու. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

Այս մասին «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Իմ նախագահական ժամկետն ավարտելուց հետո ես շատ անկեղծ մղումներով որոշել եմ, որ գնում եմ: Իհարկե, չէի սպասում նման կարգի զարգացումների: Իմ պարտքն էի համարում արձագանքել այն հարցերին, որոնց հետ համաձայն չէի եւ որոնք ունեին լայն հանրային հնչողություն, այդ հարցերի վերաբերյալ ես պարբերաբար, ոչ հաճախ հարցազրույցներ էի տալիս, մնացածն ինձ չէր հետաքրքրում, ես համարել եմ, որ ես իմ առաքելությունը կատարել եմ, չեմ կարող ամեն մի հոդվածի պատասխանել:

Փորձել ենք գրասենյակի միջոցով հերքել զրպարտություն պարունակող տեղեկատվությունը, բայց հետո հասկացանք, որ ինտերնետի դարում սրանով կամ պետք է զբաղվել ամեն օր, կամ ավելի լավ է ընդհանրապես չզբաղվել, քանի որ չափազանց ժամանակատար եւ ռեսուրսատար աշխատանք էր պահանջում:

Ես համարում էի, որ շատ ավելի հետաքրքիր գործ ունեմ անելու, ավելի հետաքրրքիր կյանք վարելու ցանկություն ունեի, քան նստել ու արդարանալու, պաշտպանվելու գործով զբաղվելու, ու ասեմ՝ չեմ փոշմանել: Միգուցե որոշ բաներից հնարավոր կլիներ ձերբազատվել, բայց այդկերպ իմ անցած տասը տարիները կթունավորեի»,- ասաց նա:

Հարցին՝ եթե այս քրեական հետապնդումները չլինեին, կշարունակեիք նույն կյանքո՞վ ապրել, 2-րդ նախագահը պատասխանեց. «Հարցը քաղաքական հետապնդումը չի, հարցն այն է, որ երկրում այնպիսի քաղաքականություն է վարվում, որը վտանգում է Հայաստանի ու Արցախի գոյությունն ընդհանրապես, տվյալ դեպքում այս քաղաքականության պարագայում եթե չլիներ քրեական հետապնդումը, մեկ է՝ ես պետք է վերադառնայի քաղաքականություն։

Եթե այդ վտանգները չլինեին, քաղաքականությունն այսպիսի տատանումներ չունենար, միգուցե այո, բայց ես չեմ համարում, որ նախկին նախագահը, հատկապես իմ նման կենսագրություն ունեցողը, տեսնելով իրական վտանգները երկրի համար, կարող է անտարբեր մնալ, որեւէ կերպ չարձագանքել կամ չփորձել ինչ որ բան փոխել»:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում