«Եթե եզրափակիչ հասնեմ, Արցախի դրոշը կբարձրացնեմ». բուլղարական «Ձայնում» Սերգեյ Վարդևարյանը ցնցեց ժյուրիին

Բուլղարական «Ձայնը» նախագծում հայազգի Սերգեյ Վարդևարյանի ելույթը՝ Audioslave ամերիկյան ռոք խմբի Show How To Live կատարումը, կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում և արժանացավ երաժշտասերների, հատկապես, ռոքի սիրահարների բարձր գնահատականին։ 23-ամյա Սերգեյի ելույթն  այնքան ոգևորեց ժյուրիի կազմում նստած Իվան Լեչևին, որ վերջինս վերցրեց կիթառն ու նվագակցեց նրան։

Սերգեյն արդեն նախագծում է՝ Իվան Լեչևի խմբում։ Tert.am Life-ը զրուցել է Բուլղարիայում ապրող երիտասարդ երգչի հետ։

Վերջինս ծնվել և ապրում է Բուլղարիայում՝ Հայաստանում առաջին անգամ եղել է 2017–ին։ «Հայաստանում երեք անգամ եմ եղել, բայց շատ-շատ եմ սիրում ու հպարտանում մեր ազգով»,– ասաց նա։

«Ես հարգում եմ երաժշտական բոլոր ոճերը։ Հասկանում եմ, որ իմ ներկայացրած երգերը ծանր են, բայց հուսով եմ` մարդիկ կգնահատեն»,- ասաց նա` ավելացնելով, որ իր առաջին ելույթը նվիրել է ամերիկյան Audioslave ռոք-խմբի վոկալիստին՝ Քրիս Քորնելլին։

Չնայած երաժշտական բոլոր ոճերի հանդեպ հարգանքին`Սերգեյը հույս ունի, որ իրեն նախագծի հետագա փուլերի ընթացքում հնարավորություն կընձեռվի կատարել ռոք կամ մետալ։

բուլղարական «Ձայնում»

Խոսելով իր մարզչի՝ Իվան Լեչևի հետ հետագա աշխատանքի մասին` Սերգեյն ասաց, որ շատ է հարգում կիթառահարի կատարած աշխատանքն ու սկզբից էլ ցանկացել է նրա խմբում լինել. «Ուրախ եմ, որ իր թիմում եմ։ Կարծում եմ` մենք իրար շատ լավ կհասկանանք»։

Մինչև ելույթը ցուցադրվող հարցազրույցում Սերգեյը խոսել է Հայաստանի մասին, բայց, նեղսրտում է՝ երկու ժամ տևողությամբ հարցազրույցից եթերում հայտնվել է միայն մեկ րոպեն։ Երիտասարդ երգիչը հույս ունի հեռուն գնալ և արդեն ունի իր ծրագրերը։ «Որոշել եմ եզրափակիչ հասնելու դեպքում Արցախի դրոշը բարձրացնել»,– ասաց նա։

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...