Դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում ավարտական քննություններ չեն լինի. Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)

Դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում ավարտական քննություններ չեն լինի. Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց դպրոցներում, քոլեջներում և ուսումնարաններում ավարտական քննությունների մասին: Նա տեղեկացրեց, որ ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվի, ամփոփումը տեղի կունենա նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում:

«Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին՝ վերջիններիս հնարավորություն է տրվում ընտրել՝ կա՛մ քննության արդյունքը, կա՛մ տարեկան գնահատականը, այն պահպանել որպես ատեստատում քննական գնահատական:

Ամփոփումը կատարվում, և ատեստատները տրվում են մինչև մայիսի 25-ը: Նույն տրամաբանությամբ՝ ամփոփումը տեղի է ունենալու մինչև մարտի 13-ի գնահատականներով»,- ասաց նա:

Քոլեջների և ուսումնարանների ավարտական, դիպլոմային աշխատանքների պաշտպանություն և քննություններ չեն իրականացվի, նախարարը հայտնեց, որ ամփոփումը կատարվում է ինչպես դպրոցների ավարտականների դեպքում, իսկ եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է առաջին կիսամյակի արդյունքով:

Այս ուսումնական հաստատություններում ամփոփումը կատարվում է, և դիպլոմները տրվում են մինչև հունիսի 5-ը:

«Ավարտականների դեպքում մենք ունենք շատ կարևոր անվտանգային խնդիր՝ զորակոչի խնդիրը, և ըստ էության՝ մեր գործողություններում մենք նաև ելնում ենք նրանից, որ որևէ կերպ զորակոչին չխոչընդոտենք, խնդիրներ չստեղծենք, այդ պատճառով մի շարք որոշումներ կայացվել ենք այդ տրամաբանության մեջ»։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում