Մամուլ

Դին տեսել են, որ մարմնի վրա ոչ մի հետք չկա, բացի վզի հատվածից․ գյուղապետ

ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի կարգապահական գումարտակում երեկ՝ նոյեմբերի 13-ին, մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանը Արարատի մարզի Արտաշատ համայնքի Աբովյան գյուղից էր, ընտանիքի միակ որդին։

Աբովյանի վարչական ղեկավար Ավետիք Հարությունյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Նարեկը երեխաներից մեծն էր, իրենից փոքր 3 քույր ունի։

«Շատ լավ, ակտիվ տղա էր։ Մոտ 8 ամիս առաջ էր մեկնել ծառայության, կոնկրետ չգիտեմ՝ որտեղ էր ծառայում, բայց դեպքը տեղի է ունեցել Իջևանի կարգապահական գումարտակում։

Մանրամասներից շատ տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ հիմա Երևանում է՝ մորգում, հարազատներից էլ են մարդ հրավիրել, որ հերձելուց ներկա լինեն, երեկ էլ են գնացել, դին տեսել են, որ մարմնի վրա ոչ մի հետք չկա, բացի վզի հատվածից»,- ասաց Աբովյան գյուղի վարչական ղեկավարը։

Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինծառայողին հայտնաբերել են կախված վիճակում։ Համայնքապետի փոխանցած տեղեկությունն էլ, որ վզի հատվածում են միայն հետքեր եղել, հենց այդ մասին է վկայում։

Կիսվեք էջում