Դեպքի օրը վիճաբանություն էր տեղի ունեցել ամուսինների միջև․ մանրամասներ կնոջը խեղդամահ անելով սպանությունից

Դեպքի օրը վիճաբանություն էր տեղի ունեցել ամուսինների միջև․ մանրամասներ կնոջը խեղդամահ անելով սպանությունից

2021թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 13:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ եղբայրը սպանել է կնոջը և փորձել ինքնասպան լինել:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի խոհանոցի հատակին հայտնաբերել է նույն տանը բնակվող 46-ամյա կնոջ դին՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով, և վերջինիս ամուսնուն, ով դաստակների շրջանում կտրած վերքերով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինները անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, և վերջին ամիսներին նրանց հարաբերությունները եղել են լարված: Նախնական տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ տղամարդը խեղդելու եղանակով սպանել է կնոջը, այնուհետև խոհանոցային դանակով կտրել իր ձեռքի երակները՝ փորձելով ինքնասպան լինել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում խոհանոցի հատակին հայտնաբերվել են արյան հետքեր և արնանման հետքերով խոհանոցային դանակ, որն առգրավվել է, խոհանոցի սեղանին՝ գրություն: Հարցաքննվել են վկաներ, առգրավվել են տուժողի և վերջինիս ամուսնու՝ դեպքի պահին կրած հագուստները, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:

Տղամարդը ձերբակալվել է՝ կնոջ սպանության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Տեսանյութը ստորև