Դեղձենին, որպես արժեքավոր պտղատու ծառատեսակ ավելի քան 2 հազար տարի աճեցվում է Հայաստանում
Դեղձենին, որպես արժեքավոր պտղատու ծառատեսակ ավելի քան 2 հազար տարի աճեցվում է Հայաստանում։
Տերևները երկարավուն նշտարաձև են։ Ծաղկում է տերևակալումից առաջ, վարդագույն կամ կարմիր զանգականման ծաղիկներով։
Պտուղները բարձրորակ են, օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում։
Դեղտենու սերմերի յուղն օգտագործվում է դեղագործության մեջ, իսկ քուսպից ստացվող դառը ջուրը պարունակում է ցիանաջրածին։
Այն խիստ զգայուն է ուշ գարնանային ցրտահարության նկատմամբ. երբ ուշ գարնանը ձյուն է տեղում, և ցրտում է, նրա բերքի մեծ մասը ոչնչանում է: Դեղձենին ապրում է 10-15 տարի: Բազմանում է սերմերով ու պատվաստի միջոցով:
Մեր հանրապետությունում աճեցվում է Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Զանգեզուրում, Մեղրիում՝ նախալեռնային գոտում, հատկապես հյուսիսարևելյան տարածաշրջանի Նոյեմբերյանի հատվածում։
Ենթադրվում է, որ դեղձենին չինական բույս է, որը, իբր, շատ հին ժամանակներում բերվել է Մերձավոր Արևելք և Պարսկաստան, այնտեղից էլ՝ Եվրոպա:
Եվրոպացիներին շատ դուր եկավ «պարսկական սալորը» (նրանք այդպես` «պերսիկա» անվանեցին բույսը՝ դրա հայրենիքը համարելով Պարսկաստանը), և այն արագորեն տարածվեց Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում: Հետագայում պարզվեց, որ դեղձենին պարսկական բույս չէ, սակայն նրա գիտական անվանումը մնաց անփոփոխ: