Դա կլինի Փաշինյանի իշխանության և անձնական կարիերայի վերջը. Ղազինյանը՝ Ստամբուլյան Կոնվենցիան վավերացնելու մասին

Դա կլինի Փաշինյանի իշխանության և անձնական կարիերայի վերջը. Ղազինյանը՝ Ստամբուլյան Կոնվենցիան վավերացնելու մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

«Հայաստանում բոլորը խոսում և քննարկում են Ստամբույլյան կոնվենցիայի վավերացման հարցը։

Նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցին հանդես եկավ մերժողական հայտարարությամբ, սկսվել է այն մերժող ստորագրահավաք, բացահայտվում են դրան կողմ արտահայտվող մարդիկ, կազմակերպություններն ու լրատվամիջոցները։

Երևի նկատել եք, որ ոչ «Մեկ Հայաստան» կուսակցությունը, ոչ ես, չենք անդրադարձել այս գործընթացին, քանի որ ունենք համոզմունք և վստահություն, որ Նիկոլ Փաշինյանը այս կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման, քանի որ քաջ գիտակցում է, որ սա կլինի իր իշխանության և անձնական կարիերայի վերջը։

Հասկանում եմ, որ իշխանության մեջ ծանրակշիռ մասնակցություն և ազդեցություն ունեցող կենտրոնը, և որոշ աշխարհաքաղաքական ուժեր ահռելի ճնշում են գործադրում Փաշինյանի վրա՝ իրենց օրակարգն առաջ տանելու և Հայաստանում ծայրահեղ ազատական կառավարում հաստատելու համար։

Ես չեմ հավատում, որ Հայաստանում կա, և երբևէ կլինի այնպիսի ղեկավար, որը կգնա այս քայլին և հասարակության մեջ կստեղծի կոնֆլիկտոգեն իրադրություն։

Չափազանց մեծ է լինելու անձնական և քաղաքական պատասխանատվության բեռը։

Եկեք ապավինենք իշխանության բանականությանը և առաջնորդվենք խելամտության կանխավարկածով»։