Դա թատրոն չէ, երկրի հետ կատարվել է սարսափելին

1in.am-ը գրում է․ Ավելի ու ավելի հաճախ է Հայաստանում հնարավոր լսել կարծիք, որ կոռուպցիայի դեմ պայքարով հնարավոր չէ պետություն զարգացնել, որքան էլ այդ պայքարի շնորհիվ պետբյուջե վերականգնվեն միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներ: Վիճել այդ մտքի հետ անիմաստ է: Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե տնտեսական քաղաքականությանը փոխարինող, այլ տնտեսական քաղաքականության նախադրյալներ ստեղծող միջոց է: Իհարկե, կան երկրներ, որ տնտեսական քաղաքականությունը կառուցում են կոռուպցիայի վրա: Օրինակ՝ այդպիսին էր նաև Հայաստանը նախորդ իշխանության պայմաններում:

Այդ իշխանությունը տնտեսությունը և ընդհանրապես պետությունը կառուցել էր կոռուպցիայի վրա, ամեն ինչ կարգավորվում էր այս մեխանիզմով, այս սխեմաներով, իսկ պետական ինստիտուտները և կառավարման շղթաները ընդամենը գտնվում էին կոռուպցիոն սխեմաների սպասարկող կարգավիճակում, ծառայում էին այդ սխեմաներին: Ինչքան որ հնարավոր չէ վիճել մտքի հետ, որ միայն կոռուպցիայի դեմ պայքարով հնարավոր չէ պետություն զարգացնել, նույնքան էլ թերևս անվիճելի է, որ նախորդ համակարգը ամբողջ Հայաստանը պատել էր կոռուպցիոն ցանցով, հանրային օրգանիզմի, ըստ էության, մեծ մասին, ճնշող մեծամասնությանը ուղղակի, թե անուղղակի կապելով կոռուպցիոն սնուցման ապարատին: Կոռուպցիան այլևս վաղուց ընտրություն չէր, այլ կենսակերպ:

Եվ դա էր այդ իրողության ամենասարսափելի կողմը Հայաստանում, կոռուպցիայի կենսակերպ դառնալը, համատարած կենցաղային մշակույթի վերածված լինելը: Եվ դա, իհարկե, ուներ նաև միանգամայն մտածված պատճառ՝ իշխող վերնախավը դրա միջոցով էր առնվազն բնազդային մակարդակում ապահովում իր հանրային լեգիտիմությունը, որովհետև գիտակցական մակարդակում չուներ դրա շանսը: Համակարգը հնարավորինս լայն շերտեր էր ներգրավում, թաթախում կոռուպցիայի մեջ՝ ուղղակի, թե անուղղակի, իր անաղմուկ վերարտադրության հնարավորություններն ընդլայնելու համար: Այդ ամենը խժռում էր պետությունը, քայքայում ներսից:

Հաջորդը՝ Հայաստանում դրվո՞ւմ է կոռուպցիայի դեմ պայքարի, համակարգի, պետության ամբողջական ապակոռումպացման խնդիր, թե՞ չի դրվում: Հայաստանի հանրությունը, հանրության ակտիվ մասերը, էլիտայի հավակնություն ունեցող խմբերը պետք է հստակ պատասխանեն այդ հարցին: Դրանից է կախված, թե ինչպիսի վերաբերմունք և գնահատական ենք տալիս կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս փուլին, երբ թվում է, որ դրանից բացի չի վարվում այլ պետական քաղաքականություն: Ամբողջ հարցն այն է, որ մինչև պետությունը գոնե մեծ մասով դուրս չբերվի կոռուպցիայից, այսինքն՝ մինչև արմատախիլ չարվի մոլախոտի մեծ մասը, հնարավոր չէ պետական նոր կառավարում իրականացնել այնպես, որ արդյունքը լինի արագորեն շոշափելի:

Ավելի մանրամասը՝ սկզբնաղբյուր կայքում