Դավթաշենի կամրջից իրեն նետած 16-ամյա տղան նախորդ օրը տոնել էր իր տարեդարձը. մանրամասներ

Դավթաշենի կամրջից իրեն նետած 16-ամյա տղան նախորդ օրը տոնել էր իր տարեդարձը. մանրամասներ

Երևանի Դավիթաշենի կամրջից երեկ` նոյեմբերի 2–ին իրեն նետած 16-ամյա տղան դեպքի նախորդ օրը տոնել էր ծննդյան տարեդարձը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նա նշեց, որ ականատեսների խոսքով` տղան դեպքի պահին եղել է միայնակ ու ինքն է իրեն նետել կամրջից: Այդ օրը տղան դպրոցից դուրս էր եկել, որ գնար մաթեմատիկայի պարապմունքի, բայց չէր գնացել:

Դավթաշենի կամուրջ

«Տղայի մոտ գրություն կամ հուշող որևէ բան չի հայտնաբերվել, գտել են միայն անձնական հեռախոսը, որտեղ ևս կասկածելի բան չկա»,- ասաց Թադևոսյանը:Իրավապահների հետ զրույցում պատանու ծնողները նշել են՝ կասկած անգամ չունեն, թե ինչի հետևանքով կարող էր նա գնալ այդպիսի քայլի:

Ասում են՝ տղան եղել է ինքնամփոփ ու քչախոս, հիմնականում զբաղվել է իր դասերով և հեռախոսով։

Դեպքի նախորդ օրը նա ծնողների, հարազատների հետ իր տարեդարձն է նշել, ամեն ինչ նորմալ է եղել:

«Նորմալ ընտանիքի երեխա էր, մայրը ուսուցչուհի է, հայրը՝ տաքսու վարորդ: Ունի նաև իրենից փոքր մեկ եղբայր»,- ասաց ՔԿ-ի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին, ժամը 18։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ 16-ամյա տղան ցած է նետվել Երևանի Դավթաշենի կամրջից։