Դանակահարություններ՝ Գավառում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Դանակահարություններ՝ Գավառում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ), իրականացրած հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են դեկտեմբերի 19-ին Գավառ քաղաքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության և դանակահարության որոշ հանգամանքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 23։50-ի սահմաններում Գավառի ԲԿ-ից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արման Խ-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով։

Ոստիկանները պարզել են նաև, որ Արման Խ-ի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում ու ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ՝ պարզել են, որ այդ օրը, ժամը 20։00-ի սահմաններում Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի և Գանձակ բնակավայրի միջնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Միշա Ջ-ն, 23-ամյա Գոռ Ջ-ն (վերջիններս, ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, հարազատ եղբայրներ են), 31-ամյա Արթուր Գ-ն, 23-ամյա Նորայր Մ-ն և 30-ամյա Նվեր Ղ-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն են ունեցել հիվանդանոց տեղափոխված Արման Խ-ի հետ, ու մինչ ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հեախուզական միջոցառումներ՝ նշված անձանց գտնվելու վայրն ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 03։30-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգն է ստացվում հերթական, որ «ձախ ազդրի վերին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնում են, որ նա նույնպես ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։

Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Վահան Ն-ն է, ով վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողներն իրականացնում են բացատրական աշխատանքներ, որի արյդունքում Գոռ Ջ-ն ինքնակամ ներկայանում է ոստիկանության Գավառի բաժին և հայտնում, որ վիճաբանության ժամանակ ինքն է նշված անձանց դանակով հարվածել և ներկայացնում է նաև հանցագործության գործիք դանակը։

Գոռ Ջ-ն ոստիկանության Գավառի բաժնից ներկայացվում է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։