«Գումարը մեծ դեր ունի ինձ համար, բայց առաջնայինն իմ անունն է»․ «Առավոտ»

«Գումարը մեծ դեր ունի ինձ համար, բայց առաջնայինն իմ անունն է»

Aravot.am-ը հարցազրույց է անցկացրել ոճաբան, հագուստի դիզայներ Արայիկ Գաբաջյանի հետ։

– Հարգարժան Արայիկ, դուք, որպես ոճաբան եւ հագուստի դիզայներ, հնչեղ անուն եք Հայաստանում։ Ձեզ հետ հանդիպման ինֆորմացիոն առիթը վերջերս Երեւանի օպերային թատրոնում լեգենդար բալետմայստեր Օլեգ Վինոգրադովի իրականացրած Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետի» պրեմիերայից հետո հանդիսատեսի հիացական արտահայտություններն էին ներկայացման մասին, որտեղ ձեր հիմնադրած «Գաբաջյան նորաձեւության տանը» պատրաստված հագուստները, կեղծամները, գլխազարդերը որակվում էին շքեղ, նույնիսկ ասում էին, որ վերջին շրջանում հայաստանյան թատրոններում նման շքեղության չեն հանդիպել։

Այստեղ մի բայց կա. բեմադրության նկարիչն ու զգեստների դիզայները ճանաչված անուն Վյաչեսլավ Օկունեւն է։ Հետաքրքիր է՝ դուք միայն պատրաստե՞լ եք, թե՞ որպես դիզայներ նույնպես ներդրում ունեք այդ աշխատանքում։

– Ինձ թույլ էր տրված մինչեւ 20 տոկոս շեղվել օկունեւյան դիզայնից։

– Գիտենք, որ դուք համագործակցել եք երեւանյան որոշ դրամատիկական թատրոնների հետ։ Իսկ ինչպե՞ս եղավ հրավերն օպերային թատրոնից։

– Առաջին ներկայացումը Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկն էր», ինձ առաջարկեցին պատրաստել 20 մկների հագուստները, վերանորոգել որոշ ռեկվիզիտներ։ Ես սիրով օգնության ձեռք մեկնեցի, իսկ օպերային թատրոնում հայտնվեցի փորձերի համակարգող Տաթեւիկ Մավելյանի շնորհիվ։

Womens Club

– Մեկ ձեռքի մատները հավանաբար շատ են հաշվելու համար, թե մեր հանրապետությունում քանի ոճաբան ունենք։ Պատճառը մեկն է՝ մշակութային բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում բացակայում է այդ մասնագիտությունը։ Դուք, բնականաբար, արտասահմանում եք կրթություն ստացել…

– Առաջին մասնագիտությամբ աստվածաբան եմ, դաստիարակված եմ քրիստոնեական արժեքներով։ Ուսանել եմ Երեւանի գեղարվեստի ակադեմիայում եւս, ձեռք բերել հագուստի մոդելավորողի մասնագիտություն։ Ինչ վերաբերում է ոճաբանի մասնագիտությանը, ուսանել եմ Լոնդոնում, իսկ ավարտելուց հետո աշխատանքներս տեղ գտան հայտնի Vouge ամսագրում։ Միառժամանակ անց նաեւ դասավանդելու հրավերներ ստացա, այդ թվում՝ Բոստոնի արվեստի համալսարանից։

Ի դեպ, ժամանակին Երեւանի գեղարվեստի ակադեմիայից էլ եմ դասավանդելու հրավեր ստացել… Այս պահին մտաբերեցի Լոնդոնի համալսարանի դասախոսիս, որին միսիս Փարաջանով էին անվանում, որովհետեւ տարված էր մեծ վարպետի արվեստով։ Նա մի անգամ խնդրեց Հայաստանից իրեն նուռ տանեմ, որից անկրկնելի մի մազակալ պատրաստեց։

– Երբեք չե՞ք մտածել Հայաստանում առաջին անգամ ոճաբանի դասընթացներ կազմակերպելու մասին։

– Նման գաղափար ունեմ՝ մոտ ժամանակներս բացել ոճաբանի եւ հագուստի մոդելավորողի դպրոց։

Womens Club

– Արայիկ, արվեստի այս կամ այն ոլորտի մասնագետ դառնալու համար համապատասխան ընդունակություններ են հարկավոր, օրինակ՝ երաժշտարվեստ ոտք դնելու համար՝ ռիթմ, երաժշտական լսողություն… իսկ ձեր ոլորտում ի՞նչ ընդունակություններ են անհրաժեշտ։ Շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ հարցազրույցներում նրանց մեծ մասը հաճախ ասում է, թե երգել ավելի շուտ է սկսել, քան առաջին բառերն արտաբերելը…

– Եթե այդպես է, ուրեմն ես ավելի վաղ եմ սկսել «շփվել» ապագա մասնագիտությանս հետ (ժպտում է- Ս. Դ.)։ Տատիկս ադրբեջանցի հայտնի երգչուհի Զեյնաբ Խանլարովայի դերձակուհին էր…

Մեր տանը հսկայական քանակի գործվածքներ կային, ես էլ փոքր երեխա էի, շոշափում էի դրանք, հոտոտում… Պետք է ասել, որ դրանց հոտն ինձ դուր էր գալիս… Պապս եւ հորեղբայրս ճանաչված վարսահարդարներ են եղել։ Ավելին՝ պապս Քեսաբի միակ վարսահարդարն է եղել։ Նրանք 1947-ին են հայրենադարձվել…

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում